Այսօր՝ մայիսի 14-ին, Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատը։ Դատարանի առջև ակցիա են իրականացնում ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին սատարողները, այլև հակառակ կողմը։ Երկու կողմերին բաժանում է ոստիկանական պատը և ճանապարհը։ Աջակիցները վանկարկում են «Ազատություն», մյուս կողմը «Ցմահ դատապարտում», «Քոչարյան հանցագործ»։ Ակցիան սկսվեց բախումով, քանի որ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարող խմբից Եղիսաբեթ Հովհաննիսյանի և նախագահի կողմնակիցների միջև բախում տեղի ունեցավ։ Պատճառն այն էր, որ Հովհաննիսյանը լուսանկարել էր ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանները հեռացրին բախվող կողմերին։ Հովհաննիսյանի խոսքով, ինքը նկարում էր, որպեսզի տեսնի, թե ովքեր են աջակցում Քոչարյանին։

 

 

Վեճի ընթացքում, Քոչարյանի աջակիցներից մեկն ասաց, որ Հովհաննիսյանն իրավունք չունի լուսանկարելու, քանի դեռ չունի լրագրողական բեյջ։ Պարզ դարձավ, որ երեկ դատական նիստին ներկա լինելու համար Քոչարյանի աջակից երիտասարդը ներկայացել է բեյջով, որն այսօր չի կրում։ Լրագրողները հորդորեցին ցույց տալ բեյջը, որին ի պատասխան երիտասարդն ասաց, որ լրագրողները իրավունք չունեն պահանջելու։ Երկու կողմերը վիրավորական խոսքեր վանկարկեցին միմյանց հասցեին, ոստիկանները հորդորեցին պահպանել հանգստություն։

11:30- ի դրությամբ վանկարկումները շարունակվում են։ Քոչարյանի դեմ պայքարողների պահանջն այն է, որ դռնբաց նիստին ներկա լինեն նաև իրենք, քանի որ տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի բնակչությունը աջակցում է նախագահին։ Նրանք եկել են հակառակն ապացուցելու։

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ եկել են սատարելու նաև Վարդգես Գասպարիին և վանկարկում են՝ «Գասպարին մենակ չի»:

Տեսանյութը՝ CivilNet-ի: