Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել երկրի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ՝ կապված թուրքական հեռուստաալիքի եթերում հայ անչափահաս երեխային կրոնափոխ անելու դեպքի հետ: Այս մասին տեղեկացրին Փայլանի գրասենյակից:
Մայիսի 11-ին թուրքական ATV հեռուստաընկերության «Իֆթար Նիհաթ Հաթիփօղլուի հետ» հաղորդման շրջանակում հաղորդավարը 13-ամյա հայ քրիստոնյա երեխայի էր հյուրընկալել՝ առանց ընտանիքի թույլտվության, և նրան կրոնափոխ էր արել:
Փայլանը հայտնել է, որ երեխայի ծնողը տեղյակ չի եղել, որ տղան մասնակցում է հաղորդմանը, առավել ևս, որ կրոնափոխ է արվելու, ուստի չէր կարող իր հավանությունը տալ: Պատգամավորը դիմումի մեջ նշել է, որ այդպիսով խախտվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագիրը, որ ստորագրել է նաև Թուրքիան:
«Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման ընթացքում տեղի ունեցածը ուղղակի մանկական շահագործում է: Հաղորդման ընթացքում 13-ամյա երեխայի իրավունքներն առ ոչինչ են համարվել, և նա իր ազգային ինքնության ու կրոնական հավատալիքի բերմամբ շահագործման է ենթարկվել»,- ասվում է դիմումի մեջ: