Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը տեսակցել է հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորումներ ստացած զինծառայողներ՝ Արգիշտի Սեպխանյանին, Աղանիկ Զորողյանին և Վահե Այվազյանին:

Բուժանձնակազմը վարչապետին ներկայացրել է զինծառայողների առողջական վիճակն ու ապաքինման ընթացքը: Նիկոլ Փաշինյանը զրուցել է զինծառայողների և նրանց ծնողների հետ: Վարչապետը մաղթել է շուտափույթ ապաքինում և շնորհակալություն հայտնել զինծառայողներին անձնվեր ծառայության համար:

Կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ բուժսենյակներ՝ առողջություն մաղթել բուժվող զինծառայողներին:

Վարչապետ Փաշինյանը զինվորական հոսպիտալում Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանի մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: