Ես այստեղ եմ, որպեսզի լինեմ ժողովրդի կողքին, իմ ընտրատարածքն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
«Քանի որ գիտեմ, որ այսպիսի կոչ է եղել, եկել եմ, որպեսզի հնարավոր բախում լինելու դեպքում հանդարտեցնեմ ժողովրդին, նպատակս դա է»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք տեղի ունեցողը դատական համակարգին միջամտություն չի համարում, պատգամավորը պատասխանեց. «Ոչ, հիմա լրիվ այլ պրոցես է տեղի ունենում, որեւէ դատական գործընթացի չենք միջամտում: Ակցիան, կարծում եմ, Հայաստանում ընդհանուր դատական համակարգի դեմ է: Այս մի տարվա մեջ բազմաթիվ տարբերակներ են տրվել, բայց այդ մի տարին դատական իշխանությունը որեւէ ձեւով չօգտագործեց հօգուտ իրեն»:
Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն «այնպիսի ղեկավար է, որ չուզեց իր մոտ հրավիրել ինչ-որ դատավորի, չասաց՝ քո դատավորներին կասես՝ էս վճիռը կկայացնես»։
Հրաչյա Հակոբյանը հավելեց, որ եթե երկիրն ունի անառողջ համակարգ, պետք է օր առաջ առողջացման պրոցես սկսվի: