Այսօր՝ մայիսի 20-ին, առավոտյան 8:30-ից սկսած քաղաքացիների կողմից փակվել է Նոր Նորք և Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մուտքը։

Ակցիայի մասնակիցների թվում են նաև մի քանի իմքայլական պատգամավորներ։

Լրագրողների հետ զրույցում Աժ «Իմ քայլը» խմբակցույթան պատգամավոր Մխիթար Հայրապետյանն ասաց, որ պատասխանելու է միայն մեկ հարցի, մյուս հարցերի շուրջ մեկնաբանություն տալ չի ցանկանում։

Այն հարցին, թե ինչո՞ւ է պատգամավորը միացել ակցիային, Հայրապետյանը պատասխանեց․ «Ուղիղ եթերով տեսա, որ մեր քաղաքացիները հավաքվել են դատարանի առաջ և այստեղ եմ բացառապես մեկ պատճառով, որպեսզի բոլոր սադրանքներից զերծ պահեմ մեր քաղաքացիներին։ Հաշվի առնելով հնարավոր ռիսկերը, որ գուցե լինեն որոշակի սադրանքներ, հույս ունեմ, որ իմ ներկայությամբ կարող եմ զերծ պահել։ Երեկ երեկոյան վարչապետն էլ նշեց, որ այս ակցիան պետք է լինի ոչ բռնի, խաղաղ։ Այլ հարցերի չեմ պատասխանի միայն կոչ կանեմ սպասել վարչապետի ելույթին»։

Պատգամավորը նշեց, որ Նոր Նորքի դատարանի մոտ է լինելու, քանի որ այդ ընտրատարծքից է ընտրվել։ Հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հորդորն է, որ պատգամավորները որևէ մեկնաբանություն չեն տալիս, Հայրապետյանը պատասխանեց՝ «Ոչ»: