Բարձրագույն դատական խորհրդի մուտքն ու ելքը արգելափակած ցուցարարները թույլ չտվեցին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին գնալ կառավարություն եւ ներկա գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ նա հանդես եկավ երկրում դատաիրավական բարեփոխումների մասին հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կոչ անելով առավոտյան 8։30 փակել հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Ավելի ուշ՝  12։00-ին նա կառավարությունում հանդս եկավ ելույթով։

Հավելենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի դատարնների մուտքն ու ելքը փակելու կոչը մի շարք հասարակական կազմակերպություններ որակել են որպես սահմանադրական կարգի տապալում։ Հայտարարությամբ են հանդես եկել նաեւ մի շարք կուսակցություններ, այդ թվում՝ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպես նաեւ խորհրդարանում ներկայացված «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ վարչապետի կոչը խիստ վտանգավոր է երկրի իրավական համակարգի անվտանգության ու կայունության համար:

Ուղերձով է հանդես եկել Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը. «Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով եւ միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջեւ ծառացած մարտահրավերները»։