Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը ծննդյան տարեդարձը սովորաբար նշում է մարտական եւ աշխատանքային ընկերերներիս հետ, այս տարի էլ բացառություն չէ։
«Ընկերներով հավաքվում, նշում ենք»,- NEWS.am–ի հետ զրույցում պատմեց նա։ Այս տարի, սակայն, կարծում է՝ ավելի ճոխ է ստացվել՝ նկատի ունենալով երկու տասնյակ մարդկանց, երեխաներին, որոնք եկել էին «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպություն՝ իր ծննդյան տարեդարձը շնորհավորելու։
Գեներալը պատմում է՝ շատ շնորհավորանքներ եւ մաղթանքներ է ստացել, հիմնական մաղթանքը առողջությունն է. «Այս տարիքում ինձ միայն առողջություն է պետք»։
Իր հիմնական ձեռքբերումների շարքում նշում է Արցախում հակառակորդի նկատմամբ տարած հաղթանակները եւ առանձնացնում Շուշիի ազատագրումն ու Արցախի Հանրապետության ստեղծումը. «Հակառակորդն ուզում էր ոչնչացնել Հայաստանը, բայց ստացվեց, որ այսօր երկու հայկական պետություն ունենք»։
Անդրադառնալով ռազմական կարիերային՝ գեներալը հիշեց՝ խորհրդային տարիներին փառաբանում եւ ցուցադրում էին զինվորականների ու հետախույզների սխրագործությունները, Բեռլինի գրավումը, եւ շատ երիտասարդների պես ինքն էլ որոշեց գնալ ռազմական ուսումնարան։
Արցախյան պատերազմում իր դերը չի ցանկանում գերագնահատել, շեշտում է՝ եկել է, որ մի փոքր օգնի. «Մինչ Արցախ գալն ու զենքը վերցնելը՝ աշխատում էի ուսանողների հետ, իսկ Ղարաբաղյան շարժումը ողջունում էի, բայց երբ դեղամիջոցներ էի բերել Խոջալու, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՈՆ) վայրագությունները տեսնելով՝ ես հասկացա, որ «օմոնականները» եւ Ադրբեջանի զինված ուժերն այնքան էին լկտիացել, որ այսօր կամ վաղը Ղարաբաղը ցանկանում էին ոչնչացնելը։ Ղարաբաղը քաջաբար կռվում էր, պարզապես պետք էր փոքր–ինչ օգնել ռազմական գործում, ես այս ուղղությամբ որոշակի գիտելիքներ ունեի, եկա, որ չկրկնվի 1915 թվականը»։
Իր չիրականացած ցանկություն–երազանքներից առանձնացնում է՝ կցանկանար մի օր Բաքու այցելել. «Ես Բաքվում 4 տարի սովորել եմ, կցանկանայի, որ Ադրբեջանի հետ խաղաղ ապրեինք, եւ կրկին այցելեի Բաքու»։
Հակված չէ մեկ մարդու հերոսությանը, կարծում է «հերոսությունը» հարաբերական հասկացություն է, բայց վստահ է՝ հերոսը առաջին հերթին համեստ պետք է լինի.
«Երբ հարցնում են, թե ով է Շուշին ազատագրած հերոսը, ասում եմ՝ մեր ազատամարտիկները։ Այդ ողջ ընթացքում ժողովուրդն ինձ սատարում էր, գլխավորը դա էր, որ մարդիկ քեզ հավատում են։ Հերոսությունը մի մարդու հետ չպետք է կապել»։
Կոմանդոսը երիտասարդներին խորհուրդ է տալիս հույսները միայն իրենց վրա դնել, ապա շեշտում է՝ հայերին դժվար կյանք է բաժին հասել, ուստի միշտ պետք է հույսը ինքներս մեզ վրա դնենք ու հաղթահարանեք մարտահրավերները։
«Ուժեղներին են սիրում»,- եզրափակեց նա։