Չկարողացան իրենց խնդիրը հստակ ձեւակերպել, եւ մեր առաջարկներն էլ, կարծես, իրենց չգոհացրեց: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով վաղ առավոտից սկսված երթուղայինի վարորդների բողոքի ակցիային: Նշենք, որ մի քանի վարորդ բողոքի ակցիայից հետո հանդիպել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ՝ պահանջելով էժանացնել գազը կամ բարձրացնել գազի որակը։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ Վանաձորևի քաղաքապետը։
«Իրենք իրենց խնդիրը չկարողացան հստակ ձեւակերպել, թե կոնկրետ ինչ խնդիր են բարձրացնում: Եթե իրենք ասում են՝ տարբեր լցակայաններում տարբեր գներ են, մենք ասում ենք՝ ուղղորդվեք, գնացեք այն լցակայանում լիցքավորեք, որտեղ, ըստ ձեզ, ավելի հարմար եւ որակով է: Եթե խնդիրը ֆինանսական է, զուտ այն առումով, որ ինչ-ինչ զրկանքներ եք կրում, քանի որ եկամուտը պակասել է, ապա այդտեղ մենք ազդելու լծակներ չունենք: Մենք չենք կարող տնտեսվարող սուբյեկտներին ասել՝ դուք պետք է ձեր գնային քաղաքականությունը փոխեք»,- ասաց քաղաքապետը։
Մամիկոն Ասլանյանը փոխանցեց, որ պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին՝ գազալցակայաններում ստուգումներ անցկացնելու համար ․ «Վարորդներին ասել եմ՝ եթե կասկածներ ունեք, որ լցակայանում վճարում եք մի զանգվածի համար, բայց տրվում է այլ զանգված, ապա կդիմենք համապատասխան մարմինների, որպեսզի ստուգումներ իրականցնեն լցակայաններում։ Ես զանգել եմ գազալցակայանների տերերին եւ հանձնարարել, որպեսզի իրենք իրենց մոտ ունենան չափիչներ, որպեսզի վարորդների մոտ հանկարծ կասկածան չառաջանա: Կարող են լիցքավորել գազը, եւ էլեկտրոնային կշեռքով կշռել, որպեսզի տեսնենք՝ ճիշտ են սահմանված, թե՝ ոչ»,- ասաց նա։
Այնուամենայնիվ, ասաց, կարծում է՝ վարորդներին չի գոհացրել իրենց առաջարկը․ «Շատ վարորդներ, դեռեւս առավոտից աշխատել են, մնացած 10-15 վարորդը ուզեցին մարզպետի հետ հանդիպել: Հույս ունեմ, որ վաղվանից իրենք էլ կաշխատեն: Իսկ այն վարորդները, որոնք չեն ցանկանում աշխատել, դա իրենց գործատիրոջ խնդիրն է: Եթե սեփականատերերը մրցույթը շահել են, եւ այլ խնդիրներ ունեն, վաղը մենք կհանդիպենք նաեւ այդ մարդկանց հետ, կլսենք իրենց խնդիրը»,- եզրափակեց Վանաձորի քաղաքապետը: