Փողոցային եւ հեռախոսային արդարադատություն, ներքին թշնամիների փնտրտուք, ընդդիմադիրներին՝ «սողուններ, շակալներ եւ բորենիներ» անվանարկում եւ թշնամիների փնտրտուք Արցախում, դրանք սպառնալիք են մեր երկրի ազգային անվտանգությանը: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Ազատության հրապարակում ՀՅԴ հրավիրած հանրահավաքում ասաց ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:
«Իշխանություններն ունեին մի ամբողջ տարի, որ իրականացնեին երկրի եւ մեզանից յուրաքանչյուրի համար այդքան ցանկալի խորքային, հեղափոխական փոփոխությունները: «Սոցիալական պետություն», »սեր եւ համերաշխություն»՝ այս կարգախոսներով եկավ իշխանությունը: Եվ այսօր բոլորովին այլ վարքագիծ են որդեգրել: Դեռ ամիսներ առաջ հրապարակ նետվեց «սեւերի եւ սպիտակների» կարճամիտ պիտակավորումը, փորձեցին բացատրել իշխանության եկած երիտասարդների անփորձությամբ»,- նշեց Գալստյանը՝ հավելելով, որ դա ոչ թե կարճամիտ րոպեական դրսեւորում էր, այլ քաղաքական մտածված վարքագիծ, որը շարունակում է ունենալ մերժելի եւ դատապարտելի դրսեւորումներ:
Նա կոչ արեց երիտասարդ քաղաքական գործիչներին, իշխանություններին գիտակցել, որ յուրաքանչյուր պետության ռազմավարական ռեսուրսը սեփական ժողովրդի հոգեբարոյական մթնոլորտն է, բաժանարար գծեր քաշելով՝ պետությունը կորցնում է իր մարտունակությունը, ջլատում ոգին:
«Ժողովուրդը ձեզանից բոլորովին այլ սպասելիքներ ուներ: Ժողովրդավարություն, որի մասին ամեն վայրկյան խոսում եք, բայց իրական վարքագծում դուք ձեզ ցեղային մշակույթի մեջ եք դրսեւորում: Եվ երբ մեր երկրի վարչապետը մեթոդաբար, շարունակաբար թեւեր կտրելու, պատերին ծեփելու, ծնոտ ջարդելու, ասֆալտին փռելու հայտարարություններով է հանդես գալիս, ապա, բնական է, որ դա վարքագիծ եւ հրահանգ կդառնա ժողովրդի մի մասի համար»,- ասաց ՀՅԴ անդամը: