1in.am-ը գրում է.

Վերջին մեկ-երկու շաբաթը քաղաքական իմաստով, թերևս, բավականին հագեցած էին. հանրային լուրջ ռեզոնանս առաջացրած մի շարք իրադարձությունների ականատես եղանք: Այս ժամանակաշրջանի իրադարձությունները, եթե փորձենք ընդհանրացնել, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ երկրի, պետության զարգացման ընթացքի վրա առհասարակ: Ի պատասխան «Առաջին լրատվական»-ի այս հարցին՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը մասնավորապես ասաց. «Չենք կարող չանդրադառնալ Մարտի 1-ի, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը և այն զարգացումներին, որոնք տեղի ունեցան դատարանում և, բնականաբար, դատարանից դուրս: Այս շաբաթվա սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որոշ գործողությունների դիմելու մարտավարական քայլեր բազմաթիվ մեկնաբանությունների առիթ դարձան, բայց ես խորապես հասկանում եմ պատճառները: Հասկանում եմ, որովհետև նաև ինձ, իմ հիշողությանը ուղեկցում են այն տարիները, երբ Հայաստանում պաշտոնավարում էր Ռոբերտ Քոչարյանը, և ես հասկանում եմ նաև այն տագնապները, որ կարող են ունենալ այն մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ ակտիվ հասարակական գործունեությամբ են զբաղվել 2000-ականներին. պետության և Հայաստանի ապագայով մտահոգ ցանկացած անձ և քաղաքականությամբ զբաղվող որևէ մեկը պիտի բնականորեն այդ տագնապները ունենար»:

 

«Մենք հասկանում ենք, որ հեղափոխությունը, իսկապես, իր լրումին չի հասել դեռևս, և որևէ մեկի մտքով, այդ թվում նաև իշխանության, փաստորեն չի անցել, որ հեղափոխությունը չի կարող ամբողջական լինել առանց երրորդ իշխանության՝ դատական իշխանության վստահություն՝ հասարակական վստահություն ներշնչող ինստիտուտի գոյության:

Մենք տեսանք, որ Ռոբերտ Քոչարյանը, որը, ըստ էության, ճարտարապետն է այս քրեաօլիգարխիկ համակարգի համար ձևակերպված-ձևավորված դատական համակարգի, հույս արթնացրեց դատավորների մեջ՝ վերից վար, ի դեպ, որ նրանք կարող են պահպանել իրենց պաշտոնները: Խոհեմություն ակնկալել այս մարդկանցից կամ ողջամտություն ակնկալել, որ նրանք պետք է ինքնամաքրման գնային և փորձեին հարմարվել նոր իրողություններին, չի կարելի, այդ պատրանքները սին են, և պետք է գնալ շատ խիստ վիրաբուժական միջամտությունների գործադրման, և ես հույս ունեմ, որ հրաժարականները, որոնք արդեն մեկնարկել են, ոչ սկիզբն են, ոչ էլ վերջինն են լինելու»,- հավելեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։