Այսօր՝ մայիսի 26-ին, Ճամբարակի N1 հիմնական դպրոցում կենտրոնացված կարգով՝ միասնական քննությունների սկզբունքով, հայոց լեզու առարկայից ստուգվել են 2 համայնքի 17 դպրոցի 156 աշակերտների գիտելիքները:
Ճամբարակ քաղաքի N4 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Ստեփանյանը սխալ է համարում 9-րդ դասարանցիների՝ կենտրոնացված կարգով քննություն հանձնելը.«Այս քննությունը մեզ համար սթրես է: Կարծում եմ՝ քննությունը կլինի բարդ, շատ կտրվողներ կլինեն ու մյուս տարի կհանեն միասնականը»: Ճամբարակ քաղաքի Մ.Քոչարյանի անվան N2 հիմնական դպրոցի աշակերտուհի Տաթև Մելքումյանն էլ հակադարձում է.«Որոշումը ճիշտ է: Ովքեր խելացի են, կանցնեն, ովքեր չէ, կմնան, նորից կսովորեն ամեն ինչ»:
Թթուջուր գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտ Արծիվ Շահնազարյանը նշում է.«Եթե մեր դպրոցներում լինեին քննությունները, ինչպես նախորդ տարիներին եղել է, ընկճվածությունն ու լարվածությունը ավելի քիչ կլիներ»: Գետիկ գյուղի միջն. դպրոցի աշակերտուհի Դիանա Ղալեչյանի կարծիքով էլ տարբերություն չկա՝ որ դպրոցում են հանձնում քննությունը, որովհետև ինչ գիտեն, դա են գրելու: «Շատ կարևոր է այս քննությունը, որովհետև բուհ ընդունվելու համար 12-րդ դասարնն ավարտելուց հետո տալու ենք միասնական քննություն, հիմա փորձ ենք ձեռք բերում, որ հետո ավելի հեշտ լինի մեզ համար»,-նշում է նա: Ռուզան Թուղթարյանը, որը Դպրաբակ գյուղի միջն. դպրոցի 9-րդ դասանցիներից մեկի մայրն է, համակարծիք է.«Քննությունը սթրես է երեխաների համար, բայց մյուս կողմից փորձ է.12-րդ դասարնի քննությունների ժամանակ այնքան չեն վախենա, ինչքան հիմա»:
Թթուջուր գյուղի բնակչուհի, 9-րդ դասարանի աշակերտների ծնողներից մեկը՝ Սաթիկ Օհանյանը, կարծում է՝ քննության շնորհիվ երեխաներն ավելի ինքնավստահ կդառնան և հավաստիացնում է.«Մեր գյուղի 9-րդ դասարնցիներից ոչ ոք չի պարապել կրկնուսույցի մոտ»: Նույնն է նշում Ճամբարակի N1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Միքայելյանը.«Ի տարբերություն երևանյան շատ դպրոցների՝ մեր դպրոցում չի եղել կրկնուսույցի մոտ գնացած աշակերտ»: Ուսուցչուհու կարծիքով՝ սխալ է երեխաներին 9-րդ դասարանից նման սթրեսային փորձության ենթարկելը. «Ավելի լավ կլիներ՝ միասնական այս քննության փոխարեն թելադրություն, փոխադրություն լիներ, ինչպես նախկինում է եղել»: Դպրոցում ծրագիրն ավարտելուց հետո կրկնության համար հատկացված դասերին տարբեր ձեռնարկներով աշխատել են, սակայն ուսուցչուհին մտավախություն ունի.«Չեմ կարող ասել՝ թույլ աշակերտները կկարողանան բավարարի շեմը ապահովել, թե ոչ.միգուցե չկարողանան, բայց համոզված եմ՝ լավ սովորողները շատ լավ կգրեն»:
Անդրադառնալով քննության թեստային տարբերակին՝ նշում է, որ այն լավ տարբերակ չէ գիտելիք ստուգելու համար.«Ո՞վ է տեսել՝ հայոց լեզվի քննությունը նշաններով. չեմ համակերպվում, չեմ ընդունում, որ նշաններով են գրում, որովհետև երեխաները չեն կարդում, չեն սովորում, տրամաբանելով և բացառելով հաճախ պատահական են նշում ճիշտ պատասխանները և ավելի հաջողված գնահատականներ ստանում, քան լավ սովորողները»:
Ուսուցչուհու հետ համակարծիք չէ նույն դպրոցի տնօրեն, քննական կենտրոնի ղեկավար, հանձնաժողովի նախագահ Հայկ Նահապետյանը.«Այս քննությունը հիմնականում կատարվում է մոնիթորինգի համար, որպեսզի բարձր ատյաններում ավելի լավ պատկերացում կազմեն կրթության որակի մասին.մոնիթորինգի համար թեստն ավելի ճիշտ տարբերակ է»: Նրա կարծիքով՝ քննությունը նման կարգով անցկացնելը միանշանակ ճիշտ որոշում է և կատացոլի իրական պատկերը, աշակերտներին էլ կտա սթափության զգացում:
Հիշեցնենք, որ այսօր հայոց լեզվից կենտրոնացված կարգով քննություններ են հանձնել շուրջ 32.000 աշակերտներ 174 կենտրոններում:
Լիլիթ Մկրտչյան