Այսօր քաղաքացի Արշակ Սարգսյանի և ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև վիրտուալ վիճաբանություն է տեղի ունեցել, որտեղ նկատվում են միմյանց ուղղված վիրավորանքներ: Մասնավորապես ,պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից քաղաքացուն ուղղված սպառնալիք է հնչում՝ «Տեղդ ասա, կգամ վիզդ կպոկեմ»: Ըստ քաղաքացու՝ պատճառը եղել է իր կողմից ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելը:
ԼՈւՐԵՐ.com-ը վիճաբանության պատճառը հասկանալու համար կապ հաստատեց երկու կողմերի հետ:
Արման Բաբաջանյանը չցանկացավ մեկնաբանություն տալ՝ ասելով. «Երկրում ավելի կարևոր հարցեր չկա՞ն: Այս հարցը չեմ ուզում մեկնաբանել: էս ի՞նչ հարց է, մի հատ էլ մեկնաբանություն եք ուզում։ Լուրջ հարցերով զբաղվեք»:
Մեր հարցին, թե վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչում, դա լուրջ հարց չէ՞, Բաբաջանյանը պատասխանեց. «Չէ, լուրջ բան չկա։ Ինձ համար այդտեղ սպառնալիք չկա»:
Քաղաքացի Արշակ Սարգսյանը՝ ընդգծելով, որ ինքը ոչ մի կուսակցության անդամ չէ, ուղղակի չի համակրում այսօրվա իշխանությանը, ինչպես նաև՝ որպես քաղաքացի աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, վիճաբանությունը մեկնաբանեց հետևյալ կերպ.
«Ինքը նյութեր է հրապարակում Ռոբերտ Քոչարյանի մասին՝ որոնք ապացուցված չեն ոչ մի դատական վճռով: Քանի դատարանով ապացուցված չէ, պետք է հաշվի առնել անմեղության կանխավարկածը: Ես գրեցի՝ Բաբաջանյան ջան, ի՞նչ եք ուզում Ռոբերտ Քոչարյանից քանի դեռ ապացուցված չի, նրան քննադատելով Ձեր ռեյտի՞նգն եք ուզում բարձրացնել: Գիտեք, որ «շառ» անելու համար հետո պատասխան եք տալու դատարանում: Դրանից հետո նա ինձ պատասխանեց՝ ինձ սպառնու՞մ եք դատելով: Ես ասացի, որ եթե մարդը «շառ» է անում ու հետո օրենքի ուժով պիտի պատասխան տա, դա սպառնալիք չի, ընդամենը օրենքն եմ ասում: Դրանից հետո գրեց՝ «Թուլա», «Շեֆդ ուրա ա», «Տեղդ ասա, գամ վիզդ պոկեմ» և այլն: Ինքը երբ անցավ չափերը, ես էլ նրան պատասխան տվեցի, բայց ոչ սպառնալիք, ասացի «թուլա» էլի, որը սպառնալիք չէ: Դրանից հետո ես իր համարը ուզեցի, որ հետո չասի՝ վախեցա և այլն. բայց ինքը միանգամից բլոկեց ինձ: Մինչ այդ ես ասացի՝ ամոթ ա, որ իրա նման պատգամավորներ կան, որ կարան քաղաքացուն սպառնան «վիզը կտրելով»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ վիճաբանությունը առերեսմամբ շարունակվի, Արշակ Սարգսյանը պատասխանեց.
«Չէ, ես իրեն տեսնելու ցանկություն ընդհանրապես չունեմ: Ես չեմ պատրաստվում քաղաքականության մեջ տղայական հարցերով զբաղվել: Սպառնալիքի պատասխանը նա օրենքով կտա, որովհետև տղայականը կարա բերի շատ վատ բանի: Եթե լրատվամիջոցները իմ էջից կտարածեն այս հարցը, ապա իրավապահները պարտավոր են գնալ սպառնալիքի հետքերով, ես կարող եմ այդ դեպքում ոչինչ չանել»,- ասաց նա:
Մեր խնդրանքին, որ տրամադրի մեզ խոսակցության մնացած հատվածը, Արշակ Սարգսյանը ասաց, որ այդ առումով փաստաբանի հետ զրուցելուց հետո կապ կհաստատի մեզ հետ:
Սիլվի Տիգրանյան