Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400 քմ տարածք են ականազերծել: Այս մասին հայտնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400քմ տարածք են ականազերծել:

Մարդասիրական խմբի բժիշկները վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ստացել 801 քաղաքացի, 1354 կլինիկալաբորատոր հետազոտություն է իրականացվել: Բուժօգնություն ստացած քաղաքացիների թվում շատ են երեխաները: Սիրիայի բնակիչները պարբերաբար երախտագիտություն են հայտնում հայ մասնագետներին՝ կարևոր առաքելության համար՝ այն որակելով եղբայրական աջակցություն: Մարդասիրական առաքելությունը շարունակվում է»,- նշված է հայտարարությունում:

Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդամենը` 83 մարդ) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա: Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: Փետրվարի 18-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Հալեպի անվտանգության ուժերի հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ հումանիտար առաքելության ղեկավար կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ Հալեպ նահանգի Լե-Սենիա, Դիման, Ռասմ-Ալ-Խուլու բնակավայրերի հարակից վայրերում, որի արդյունքում որոշվել է ականազերծման աշխատանքներն իրականացնել լեռնային և հարթավայրային տարածքներում: