ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված օրենքի նախագծում լրացում կատարելու մասին և հարակից  նախագծերի փաթեթը: Փաթեթով առաջարկվում է Իրանից ներկրվող ցեմենտի վրա սահմանել 14 հազար դրամ պետական տուրք:

Օրենքի նախագիծն ընդունվեց 85 կողմ, 16 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:

ՀՀ Ազգային ժողովի դիմաց մի խումբ կառուցապատողներ պահանջում էին կողմ չքվեարկել Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու մասին օրենքի նախագծին: Բողոքի ակցիայի մասնակիցներն առաջարկում էին հարցը լիարժեք ուսումնասիրել ու քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ իրենք քվեարկությունից առաջ չեն կարողացել հանդիպել կառուցապատողների հետ, և դա կանեն քվեարկությունից հետո:

«Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ շինարարական ընկերություններ ու կառուցապատողներ, մասնավորապես` իրենց բողոքի առարկան այն է, որ պետական տուրքի մասին օրենքը մենք օրենքի խախտմամբ ենք ընդունելու, այսինքն` մենք իրավունք չունենք դա 6 ամսից շուտ ուժի մեջ մտցնել, ուզում եմ ասեմ, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում: Մենք 20 րոպե նիստն ընդմիջեցինք, որպեսզի այդ մարդկանց հետ զրուցենք, նոր մտնենք քվեարկության: Ցավոք, քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո այդ մարդկանց հետ կհանդիպենք ու կհիմնավորենք, թե ինչն ինչու ենք անում»,- ասաց Թունյանը:

Ապրիլի 19-ին ԱԺ-ն լիագումար նիստում ընդունել էր նախագիծը, սակայն դեմ էին քվեարկել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները: ԼՀԿ-ն առաջարկում էր չընդունել նախագիծն ու նախաձեռնել քննարկումներ, լսումներ: ԲՀԿ-ն առաջարկում էր պետական տուրք սահմանելնաև ցեմենտի ստեղծման հումք հանդիսացող կլինկերի վրա: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո ստեղծվել էր աշխատանքային խումբ, որում ցեմենտ արտադրողների, կառուցապատողների հետ քննարկումներ են ընթացել: