Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյո՞ք կառավարությունը գոհ է նախարարության աշխատանքից: Վերջին շրջանում քննարկվում է նաև այն թեման, որ շատ հարցեր կան, որոնց լուծումը կարող էր այս մեկ տարվա ընթացքում նախարարությունը տալ, սակայն թերացել է. «Հենց նոր ընդդիմադիր կուսակցության, քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչը դրվատանքի խոսք հայտնեց ծառայության օրենքներից մեկի վերաբերյալ: Այն աշխատանքը, որը կատարվել է, իր որակական և քանակական հատկանիշներով գերազանցում է մինչև հիմա եղած տեմպերը, կամ, համենայն դեպս, համադրելի է: Չափազանց մեծ աշխատանք է կատարվում, բոլոր իրավական ակտերը անցնում են Արդարադատության նախարարության պրիզմայով, ֆիլտրով: Ահռելի աշխատանք է կատարվում, և այդ աշխատանքը պետք է կատարվի ժողովրդավարական սկզբունքների պահպանմամբ»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարը նշեց, որ իրենց աշխատանքների ընթացքում չեն կարող անտեսել ժողովրդավարական սկզբունքները, ներառականությունը, հրապարակայնությունը: Այն հարցին, որ լուրեր էին տարածվում, որ Զեյնալյանը պետք է ազատվեր աշխատանքից, նախարարը պատասխանեց. «Եթե ես հիմա ծառայում եմ, աշխատում եմ որպես արդարադատության նախարար, ուրեմն կառավարությունը գոհ է իմ աշխատանքից»:

Ասպրամ Փարսադանյան