Խիստ կասկածներ են ներկայացված դատարանի օրինական կազմավորման վերաբերյալ: Մոտ մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանում դատարանի նախագահը՝ Վազգեն Ռշտունին, ինքնաբացարկի միջնորդություն ընդունեց՝ հաշվի առնելով, որ կան կասկածներ, ընդունեց այդ միջնորդությունը և ինքնաբացարկ հայտարարեց:

Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ միանալով պաշտպանների՝ գործով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։

«Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ՝ հասկանալ, որ նաև այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատել, իսկ դրանց փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի: Բավական լուրջ են ներկայացված հանգամանքները, ես ծանոթ եմ քննիչի նյութերին, դրանք նկարած բան են, կոմպյուտերի միջամտությունը կարծում եմ եղել է, նույնիսկ տարիներ անց, սա հանցագործություն է, հնարավոր է լինելու պարզել՝ ինչ է կատարվել:

Էն գլխից այս ամենը բացառելու համար հորդորում եմ Ձեզ՝ առանց անձնավորելու, ուղղակի հորդորում եմ ընդունել ինքնաբացարկի միջնորդություն»,- ասաց նա: