Կառավարությունը պետք է փորձի այնպես անել, որ այն ռիսկային խավը, որ մինչև հիմա գույքահարկ չի տվել, կամ քիչ է տվել, իրենց վրա շատ ճնշում չլինի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը՝ անդրադառնալով անշարժ գույքի կադաստրային արժեքները շուկայականին մոտարկելու գործընթացին:

 

«Հիմնական թիրախը լինելու է թանկ գույքը: Սա իմ դիրքորոշումն է, բայց երբ կամփոփենք պրոցեսը, ավելի մանրամասն կներկայացվի»,- ասաց նա:

 

Սարհատ Պետրոսյանը նկատեց, որ այսօր Երևանի կենտրոնում մեկ քմ հողի շուկայական արժեքը 60 հազար դրամ է, բայց որոշ տեղեկում հողի մեկ քմ-ն կարող է հասնել մինչև 500 հազար դրամի: «Շրջանառվող նախագծով Երևանի կենտրոնում այդ 60 հազար դրամանոց գույքը դարձել է 330 հազար դրամ, այսինքն 5,5 անգամ ավելացել է: Սա հողի համար, իսկ բնակելի տարածքի մեկ քմ-ի համար աճը մոտ երեք անգամ է լինում: Երևանի կենտրոնում մեկ քմ տարածքի արժեքը սահմանվել է 700 հազար դրամ: Խոսքը նորակառույց, երկաթբետոնե շենքերի մասին է, որոնց շուկայական արժեքը այսօր մեկ մլն դրամից էլ ավելի է»,- ասաց նա՝ հավաստիացնելով, որ դրույքաչափի նվազում է լինելու, բայց թե որքան, չի կարող ասել:

 

Սարհատ Պետրոսյանը նշեց, որ բոլոր դեպքերում իրենց կողմից սահմանված արժեքները շուկայականից ցածր են: