«Մարտի մեկի գործով Մանվել Գրիգորյանը բացատրություն կամ ցուցմունք չի տվել»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Նա նշեց, որ այդ քրգործի շրջանակներում վերջերս բացահայտվում են որոշակի փաստեր, ապացույցներ են ներկայացվում:

«Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը ամիսներ առաջ մեկնաբանելով Մարտի մեկի քրգործի հետ կապված ինչ-որ դրվագներ, փաստեց հետևյալը. Քոչարյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարտի մեկի գործի ժամանակաշրջանում Մանվել Գրիգորյանը պաշտոնավարում էր ՊՆ փոխնախարար, և հաշվի առնելով, որ իբր, վերջինս ցանկացել է կամ կանգնել է ժողովրդի կողքին, դա է պատճառներից մեկը, որ որոշակի գործառույթներ իրականցվեցին:

Օրեր առաջ Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի իրավապաշտպանն ասաց, որ քրեական գործի նյութերում առկա է մի ապացույց, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն է հրավիրում, սակայն Մանվել Գրիգորյանը չի մասնակցում դրան, որտեղ Քոչարյանն ասում է՝ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու»։

Նախ, եթե դա իրոք այդպես է, ապա փաստեմ, որ «մայրիկ լացացնելն» իրավական կատեգորիա չէ, և երկրորդ, երբ դա արվում է երկրի առաջին դեմքի անունից, դա արդեն այլ գնահատման խնդիր է։ Ուղղակի դրանով երևում է հետևյալ պատկերը. այո՛, Մանվել Գրիգորյանը չի ներկայացել այդ խորհրդակցությանը՝ լավ հասկանալով, թե ինչ ցուցումներ պետք է լինեն և որոշակի անօրինական գործառույթներից զերծ մնալու համար ուղղակի չի գնացել և այդ տարիների գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չի կատարել»,-ասաց փաստաբանը:

Պաշտպանը նշեց նաև, որ ինչ վերաբերում է «մայրիկ լացացնելուն», ապա թուրքն անգամ չի կարողացել Մանվել Գրիգորյանի «մայրիկը լացացնել»։

«Եվ առաջին, և երկրորդ, և երրորդ նախագահների օրոք եղել են դեպքեր, երբ ցանկացել են այդ նախագահները «լացացնել վերջինիս մայրիկը», բայց, ինչպես տեսնում եք, դա չի ստացվել»,-ասաց Բաղդասարյանն ու հավելեց՝ Մանվել Գրիգորյանի վրա հնարած գործ են ցանկանում կարել: