Այս օրերին շատ է քննարկվում ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը: Փորձագիտական լայն շրջանակներն իրենց տարակուսանքն են հայտնում այդչափ փնթի և հապճեպ կազմված փաստաթղթի առթիվ: Ընդ որում, տարակուսանքը տեղին է, քանի որ ակնհայտ կերպով ձևավորվում է մի մեխանիզմ, որը ճնշման լծակ է դառնալու իշխանություններին տնտեսական կամ քաղաքական դաշտում խանգարողների դեմ:

 

Արդյունքում առաջանալու է իրավական բեսպրեդել, զարգանալու է գործ տալու ինստիտուտը, իսկ անսահման լիազորություններով օժտված դատախազների կամայականությունների դեմն առնելը դառնալու է գրեթե անհնար: Եվ դա վերաբերվում է ոչ միայն 90-ականներից այս կողմ երկիրը թալանած օլիգարխներին, քանի որ նախագիծը ընտրության հնարավորության լայն դաշտ է տալիս, ասել է թե՝ պատկան մարմինների ապօրինի գործողությունների զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք:

 

Թեև դեռ փետրվարին վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ օրենքի թիրախում պետք է լինեն միայն կոռուպցիոներներն ու հանցավոր խմբավորումների անդամները, բացի այդ, հաշվի առնելով քաղաքական գործիչների հայտարարությունները՝ նաեւ հայտնի հեռախոսազանգերը, հնարավոր է՝ քաղաքական թիրախավորման հարց ևս բարձրանա: Հասկանալի է, իհարկե, նոր իշխանությունների ձգտումը՝ ամեն գնով հասնել կապիտալի վերաբաշխման, ինչը հեղափոխությունից հետո գուցե և տրամաբանական է, սակայն նաև այդ հարցում Փաշինյանն ու իր թիմակիցները պետք է մնան Սահմանադրության շրջանակներում, մինչդեռ ակնհայտ է, որ ընտրվել է այլ՝ կարճ ուղին:

 

Եթե օրենքի նախագիծը ընդունվի իր ներկա տեսքով և կարգավորումներով, ապա ներդրումների մասին ընդհանրապես կարելի է մոռանալ, քանի որ դժվար թե գտնվեն գործարար-կամիկաձեներ, ովքեր կապիտալ կբերեն մի երկիր, որտեղ չկա բանկային գաղտնիք, սեփականության իրավունքն էլ կամայական կերպով ոտնահարվում է…