ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի ղեկավարությամբ հանձնաժողովի պատգամավորներ Հարություն Բաբայանը, Էդգար Առաքելյանը, Վահագն Թևոսյանն այցելել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) տեխնիկական կենտրոն' Ֆուտբոլի ակադեմիա:

 

Ակադեմիայում պատգամավորներին ընդունել են ՀՖՖ փոխնախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Արմեն Նիկողոսյանը: Նրանք հյուրերին ներկայացրել են վերջին ամիսներին հայկական ֆուտբոլում կատարված բարեփոխումները, մասնավորապես, Խինես Մելենդեսի' ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնում նշանակման կարևորությունը, հայկական ֆուտբոլի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, կանանց ֆուտբոլի, ֆուտզալի առաջխաղացման, մարզերում ֆուտբոլի մասսայականացման և նոր ֆուտբոլիստների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները, Եվրո-2019-ի նախապատրաստական փուլի ընթացքը:

 

Ինչպես տեղեկացրին Մխիթար Հայրապետյանի գրասենյակից, կողմերն արձանագրել են, որ Ֆուտբոլի ակադեմիայի բացումից ի վեր սա առաջին նմանատիպ այցն էր և կարևորել են ՀՖՖ-ի և ԱԺ սպորտի հանձնաժողովի համատեղ գործակցությունը' հայկական ֆուտբոլի արագընթաց զարգացման համար: