Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոն պատմել է՝ ինչպես է Արթուր Ջանիբեկյանի' 90-ականների ամենահայտնի նախագծերից մեկը՝ «Top 10 of Rabiz»-ը, ոգեշնչել բրիտանացի կատարող Սթինգին ստեղծել հայտնի հիթը՝ «Desert Rose».

 

«ԱՄՆ-ում կազմակերպություններից մեկը գնել էր «Top ten of rabiz»-ը եւ Սթինգի պրոդյուսերին տվել լսելու «Կեղծ ընկերներ» երգը։ Ինչպես հայտնի է, դա «Shape of my heart» երգի կատակային տարբերակն էր՝ ռաբիսի հետ միախառնված»,- ասել է Հայկոն Armenia TV-ի «Վերնիսաժ» հաղորդման եթերում։ Նրա խոսքով՝ Սթինգի պրոդյուսերը միանգամից գնել է այդ երգը պարունակող ալբոմը, իսկ 5 ամիս անց հայտնվեց բրիտանացու զուգերը Շեբ Մամիի հետ։

 

«Top 10 of Rabiz»-ը Արթուր Ջանիբեկյանի նախագիծն է, որում հայկական ռաբիսը համադրվում էր հայտնի արտասահմանյան հիթերի հետ։ Նախագծի գլխավոր դերակատարներից դարձան Գրիշա Աղախանյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Վարդան Զադոյանը եւ երգիչ Հայկոն։

 

«Desert Rose» («Անապատի վարդ») Սթինգի եւ Շեբ Մամիի զուգերգն է նրա «Brand New Day» ալբոմից։ Երգը ներառվել է UK Singles Chart-ի թոփ 20-յակում՝ զբաղեցնելով 15-րդ տեղը եւ Billboard Hot 100-ում (17-րդ հորիզոնական), հաջողության հասել Շվեյցարիայում եւ Իտալիայում։