Սկզբում՝ ՀՀԿ, այնուհետև՝ ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Առաքելություն», «Ժառանգություն». ահա և ձեզ մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների ներկապնակը՝ իր ողջ գույներով հանդերձ: Երեկ վերջապես լրացավ ընտրություններին համամասնական ցուցակ-դիմումների՝ ԿԸՀ ներկայացման վերջնաժամկետը։ Արդյունքում պարզվեց, որ բոլորն են մասնակցելու, անգամ նրանք, ում «էռան» արդեն շուտվանից կարելի էր համարել անցած: Բայց, ինչևէ, ունենք այսպիսի պատկեր, որը, թերևս, կաշխատի միայն գլխավոր հավակնորդների կամ հավակնորդի դեմ:
Նախ, եթե զուգահեռներ անցկացնենք փետրվարի 18-ին կայացած նախագահական և մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունների միջև, ապա որպես միակ ընդգծված տարբերություն կարելի է դիտարկել ՀՀԿ-ի պայքարի սպեկտորի՝ այս անգամ սպասվելիք մաքսիմալությունը, ասել է թե՝ նախագահականին Սերժ Սարգսյանը պայքարում էր միայն Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ, ահա և ավագանու ընտրություններում այս առումով փոփոխություններն ակնառու են։ Այս անգամ ՀՀԿ-ին սպասվում է բազմապրոֆիլ ռազմավարական գործողությունների ալգորիթմ մշակել՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Բարև Երևան» դաշիքնի և, ինչու չէ, նաև սեփական ստվերի՝ ՕԵԿ-ի դեմ պայքարի համար:
Այս բոլոր կուսակցությունները, իհարկե, ավագանու ընրություններում որոշակի, լավ էլ թվեր կարող են խփել, նույնիսկ՝ անգամ ՕԵԿ-ը, այսպիսով՝ ամեն մեկը ՀՀԿ-ի փայից յուրօրինակ ձևով կարող է պատառներ պոկել, արդյունքում՝ ապահովել ՀՀԿ-ի կապիտուլացիան ավագանու ընտրություններում. խոսքը հենց այս պայքարի տեսակի մասին է, որին ամենայն լրջությամբ պետք է ու պատրաստվում է ՀՀԿ-ն:
Այսինքն՝ ՀՀԿ-ն, այս փուլից սկսած, պարտավորվելու է մայիսի 5-ի ընտրություններին մոտենալ կամ գնալ երաշխավորված քվեների պաշարով ու մաքսիմալին հասնելու ձգտումով, չէ՞ որ ընտրապայքարում այս անգամ կա նաև ՀՀԿ-ից կտրված ԲՀԿ-ն, որի նախագահը պատրաստ է ամեն գնով հասնել հաղթանակի, կա «Ժառանգություն», կա ՀԱԿ:
Այս պարագայում ՀՀԿ-ի երաշխավորված քվեների պաշարի ապահովման եղանակներից որպես այդպիսին առաջինը, ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս հանդիսանում է ցուցակում հանրության կողմից ճանաչված մշակութային և ոչ միայն, գործիչների ներգրավումը՝ Հրանտ Թոխատյան, Միքայել Դովլաթյան, Արա Երնջակյան, Մարտին Վարդազարյան, Լևոն Իգիթյան ու այսպես շարունակ:
Իրականում, ՀՀԿ-ն այս անգամ արդեն, համեմատած նախորդ ընտրություններին, բավականին ռիսկային քայլի է գնացել՝ ցուցակում նորից ընդգրկելով և անգամ թարմացնելով նման մարդկանց անունները, քանզի այսպիսի ցուցակը միանշանակ այս անգամ, երբ Տարոն Մարգարյանի հակառակորդները, օրինակ՝ Վարդան Օսկանյանի կալիբրի գործիչը, միանշանակ չի կարող ընդունվել հանրության կողմից: Այս փաստը որոշակի տեսանկյունից նման է, ինչպես հաճախ ասում են, կուտ տալու գործընթացին։ Սակայն փոխվում են ժամանակները, փոխվում են հակառակորդները, փոխվում են մարդկանց տեսակետները: Իսկ ռիսկայնության բավականին մեծ գործակցի միակ նվազեցնող գործոնը կարող է հանդիսանալ քարոզարշավի ընթացքում նույն այդ գործիչների գրագետ ներկայացումը, մի խոսքով՝ գրագետ քարոզարշավը:
ՀՀԿ-ի մյուս զենքի' քվեները գնելու տեսանկյունից, եթե նախագահական ընտրություններում հավասարը չկար, թեկուզև միայն ֆինանսական առումով, ապա այս անգամ ԲՀԿ-ն կլրացնի այդ բացը՝ այսպիսով ապահովելով ՀՀԿ-ին հավասարազոր պայքար:
Այդուհանդերձ, բոլորն էլ այս պայքարում տեսնում են Երևանի գտնված երազի տեսլականը իրենց դերակատրմամբ, որն էլ, հուսանք, կբխի միայն Երևանի քաղաքացու և պետության շահերից միայն՝ բացառելով ընտրակեղծիքներն ու ապահովելով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտի կայացման գործընթացը:
Գևորգ Ավետիսյան