Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, խոսակցությունը տեւել է մոտ մեկ ժամ. ինչպես եւ նախատեսված է քահանայապետի եւ օտարերկրյա հյուրերի հետ հանդիպումների ընթացակարգով։

 

Պուտինը պապական պալատ է ժամանել կես ժամ ուշացումով, այնպես որ նրա զրույցը Ֆրանցիսկոս պապի հետ սկսվել է նախատեսվածից 45 րոպե ավելի ուշ։

 

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն։ Ֆրանցիսկոս պապը Պուտինին նվիրել է XVIII դարի փորագրություն Սուրբ Պետրոսի հրապարակի պատկերով, որպեսզի Ռուսաստանի նախագահը «չմոռանա Հռոմը»։ Պուտինն իր հերթին քահանայապետին նվիրել է սրբապատկեր առաքյալներ Պետրոսի եւ Պողոսի պատկերներով։

 

Անցած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը Հռոմի պապին նվիրել էր կտավ Հիսուս Փրկչի պատկերով եւ Ուղղափառ հանրագիտարանի մի քանի հատոր, իսկ քահանայապետը՝ մեդալ Ավետարանից տեքստով։ Երկու տարի առաջ ՌԴ նախագահը Հռոմի պապին նվիրել էր Վլադիմիրի Աստվածամոր սրբապատկերը, իսկ քահանայապետը՝ Վատիկանյան այգու պատկերով խեցի։

 

Այնուհետեւ Պուտինը եւ նրան ուղեկցող ռուս պատվիրակները զրուցել են Վատիկանի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ։

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ Պուտինը հանդիպում է արդեն երրորդ անգամ, մինչ այդ Հռոմի պապը ՌԴ նախագահին ընդունել էր Վատիկանում 2013 թվականի նոյեմբերին եւ 2015-ի հունիսին։

 

Վատիկան այցից հետո Պուտինը կհանդիպի Իտալիայի նախագահի եւ բանակցություններ կվարի Իտալիայի վարչապետի հետ։