Աշխարհում հազվագյուտ խաղերից մեկը՝ Extra Terrestrials-ը, որը թողարկվել է 1984 թվականին, eBay-ում համացանցային աճուրդի է դրվել՝ 90 հազար դոլար արժեքով, հայտնում է News.ru-ն:
Կանադական Skill Screen Games ընկերության ստեղծած խաղը նախատեսված էր Atari 2600 քոնսոլի համար եւ սկսել է վաճառվել խաղային ինդուստրիայի ճգնաժամից հետո, ինչի հետեւանքով հաջողվել է իրացնել ընդամենը մի քանի քարթրիջ: Վաճառողը պնդում է, որ ինքը խաղի պատճենի միակ մասնավոր տերն է:
Ներկայումս կայքում հայտարարությունը փակվել է: Հայտնի չէ՝ դա տեղի է ունեցել հաջող վաճառքի՞ հետեւանքով, թե՞ մոդերատորների կողմից ստուգման անհրաժեշտությամբ:
Ավելի վաղ «Նովիե իզվեստիան» հայտնել էր, որ eBay-ում աճուրդի էր դրվել տիրանոզավրի իսկական կմախք, որի դիմաց տերը նվազագույնը 2,95 մլն դոլար էր խնդրում: