«50 տոննա ձմերուկ պետք է քաղեինք, հիմա հազիվ 7 տոննա ստացվի»,- Տավուշի մարզի Բերդավան գյուղում տեղացած կարկուտի հետևանքների մասին խոսում են գյուղի բնակիչները։Կարկուտը վնասել է ամեն ինչ՝ խաղողի, ձմերուկի այգիները, բանջարեղենի մարգերը, ցորենի արտերը։ Սահմանից 700-900 մետր հեռավորության վրա գյուղացիները այգիներ են մշակում, իսկ այս տարի կորցրել են ամբողջ բերքը։
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում գյուղի բնակիչներից մեկն ասաց՝ ո՛չ ուզում է նկարվել, ո՛չ ներկյանալ՝ մեկ է արդյունք չկա։ Կարկուտը տեղացել է հունիսի 17-ին, բայց մինչև այսօր ոչ մի տեղից պատասխան չեն ստացել, թե իրենց կփոխատուցեն։ Երկու ընկեր վարկ են վերցրել՝ 3.5 միլիոն դրամ՝ ձմերուկ, լոլիկ և այլ մշակաբույսեր աճեցրել։ Ավելի քան 4 ամիս ընտանիքներով աշխատել են արևի տակ, իսկ կարկուտից հետո 3000-ից ավել ձմերուկ են դեն նետել։ Մնացածը ջարդված են՝ շուկայում չեն վաճառվի։
Բնակիչներից Վարդան Զուրաբյանն ասաց, որ նույնչափ վնասվել է նաև խաղողի այգին, ու եթե որթատունկը վնասվում է, հաջորդ տարի նույնպես բերք չի տա։ Սպասվող տասնյակ տոննաներ բերքից այսօր չնչին մասն է անվնաս մնացել։ Գինու գործարանում վնասված բերք չեն կարող վերցնել։ Տուժած բնակիչները պատմում են, որ հողերը մշակելիս ընկնում են կրակոցների տակ, իրենց կյանքն են վտանգում։
Մինչ հիմա նրանք սպասում են, որ իրենց կայցելեն, կգնահատեն վնասները, բայց Բերդավան են գնացել միայն մարզպետի օգնականը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության պետ Վաղարշակ Սուքոյանը։ Նրանցից ոչ ոք բնակիչներին հույս չի տվել։
Բերդավանի բնակիչները շարունակում են աշխատել սահմանին շատ մոտ այգիներում և այս փուլում նրանք փորձում են փրկել մնացած բերքը։ Մեզ հետ զրույցում գյուղացիները շեշտեցին, որ խնդիրներ շատ ունեն՝ ոռոգման ջրի, տեխնիկայի բացակայության, բայց այս պահին մտածում են միայն մնացած բերքը փրկելու մասին՝ դա էլ անում են կրկին իրենց գումարներով։
Տավուշի մարզում կա 10 հակակարկտային կայան, սակայն դրանք շարունակվում են չգործածվել։