Մանկական այգու (նախկինում՝ Կիրովի անվան) այցելուները դժգոհում են՝ շուրջ 1 տարի է այգին լցվել է թափառող շներով, անգամ նրանց համար նախատեսված տնակներ են տեղադրվել։ Շներն անհանգստություն են պատճառում իրենց փոքրիկիների զբոսանքի տանող ծնողներին, քանի որ կենդանիներն ամեն պահի կարող են հարձակվել երեխաների վրա:

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այգու այցելուներից Աստղիկը, որն իր երեխայի հետ ամեն օր զբոսնում է այնտեղ, պատմեց, որ թեև զբոսայգու մուտքի վահանակի վրա նշված է՝ շների մուտքն արգելված է, սակայն, չգիտես ինչու, այգում օրեցօր շատանում են թափառող շները․ «Ասում են՝ շները ներարկված են, բայց շունը մնում է շուն՝ պատահական հարձակվում են՝ վախեցնելով երեխաներին։ Մենք շներին դեմ չենք, բայց ժամեր կան, երբ մեր երեխաներին տանում ենք զբոսայգի, գոնե այդ ժամերին նրանց փակ փահեն, որպեսզի կարողանանք անվտանգ զբոսնել։ Սոված շներ են, երեխաների ձեռքին որևէ բան տեսնելիս վազում են, գուցե չեն ուզում վնասել, բայց ուտելիքի համար հարձակվելիս երեխայի մոտ վախ է առաջանում։ Շները նաև կեղտոտում են և ոչ ոք չի հավաքում նրանց հետևից, այգին աղտոտվում է, անգամ պահակ չկա, որ հետևի նրանց»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այգում բարձիթողի վիճակ է: 

Բնակչի խոսքով՝ կենդանասերների հետ ընդհանուր հայտարարի գալ չեն կարողանում, ծնողների վրա գործեր են բացել՝ շներին հարվածելու հիմքով։  

Ի դեպ, մանկական այգու մուտքի մոտ փակցված վահանակը զգուշացնում է՝ շների մուտքն արգելված է, սակայն դա չի կանխում ինչպես թափառող, այնպես էլ տերերի հետ զբոսանքի դուրս եկած շների մուտքը:

Մանկական այգու տնօրեն Ստեփան Մինասյանը հայտնվել է երկու քարի արանքում․ մի կողմում այգու այցելուներն են, մյուս կողմում՝ կենդանասերները։ Խնդիրը ոչ միայն լուծում չի ստանում, այլև շարունակում է ավելի բարդանալ, ինչի հետևանքով կենդանիների պաշտպանների ու այգու այցելուների միջև վիճաբանություններն անխուսափելի են դարձել։

Վերջերս էլ շների պաշտպանությամբ զբաղվող մարդիկ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պնդելով, թե այգու այցելուները հարվածում են շներին։ Ակցիայի մասնակից Արմինե Համբարձումյանը հայտարարում էր, թե տղամարդը ծեծի է ենթարկել շներին, որոնց ինքը փորձել է կերակրել։ Նա միջադեպի հետ կապված հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո տղամարդը բերման էր ենթարկվել։