Որոշ դեղամիջոցների հայտնագործումը լուրջ ազդեցություն է թողել բժշկության եւ գիտության զարգացման վրա եւ փոխել է ամբողջ աշխարհը: Շնորհիվ այդ դեղերի՝ միլիոնավոր մարդիկ, որոնք մինչեւ դրանց հայտնագործումը դատապարտված էին մահվան, ապաքինվել են եւ շարունակել ապրել:

Պենիցիլին

Նախքան պենիցիլինի հայտնագործումը ինֆեկցիոն հիվանդությունների համաճարակները սպանում էին հարյուր հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհում: 1928 թվականին բակտերոլոգ Ալեքսանդր Ֆլեմինգը (Շոնտլանդիա) պարզել էր, որ ստաֆիլակոկի բակտերիաներով բաժակում գոյացել էին բազմաթիվ բորբոսասնկեր: Դրանց շուրջ բակտերիաները դրաձել էին թափանցիկ. դրանք քայքայվել էին: Ֆլեմինգին հաջողվել էր առանձնացնել նյութը, որը քայքայել էր բակտերիալ բջիջները՝ պենիցիլինը:

Այսօր պենիցիլինն արդեն այդքան շատ չի կիրառվում, ինչպես նախկինում, սակայն դրա բացահայտումը հանգեցրել է բազմաթիվ այլ հակաբիոտիկների ստեղծմանը:

Ներկայումս ամենակարեւոր խնդիրը հակաբիոտիկները չկորցնելն է դրանց նկատմամբ դիմադրության զարգացման եւ տարածման պատճառով. եթե դիմադրության դեմ պայքարի համար որեւէ գործողություն չձեռնարկվի, հակաբիոտիկները կարող են կորցնել իրենց նշանակությունը:

Ինսուլին

Ինսուլինի հայտնագործումը բժշկության կարեւոր ձեռքբերումներից եւս մեկն է: Նախքան դրա ի հայտ գալը 1-ին տիպի դիաբետ ունեցող մարդիկ դատապարտված էին մահվան: 1922 թվականի հունվարի 11-ին Ֆրեդերիկ Բանթինգը (Կանադա) կենդանիների վրա փորձերից հետո կատարել էր պատմության մեջ ինսուլինի առաջին հաջողված ներարկումը մարդուն:

Այսօր ինսուլինի սրսկումները հնարավորություն են տալիս դիաբետ ունեցող հարյուր հազարավոր մարդկանց ապրել լիարժեք կյանքով:

ՀՌՎԹ

Նախկինում ՄԻԱՎ վարակները պարտադիր հանգեցնում են մահվան. վիրուսը թուլացնում էր մարդու օրգանիզմը եւ հանգեցնում ՁԻԱՀ-ի զարգացմանը, որի հետեւանքով մարդիկ մահանում էին վարակների կամ ուռուցքաբանական հիվանդությունների հետեւանքով, որոնք ակտիվորեն զարգանում էին չափազանց թուլացած իմունիտետի ֆոնին:

Բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել ՄԻԱՎ-ի ակտիվությունը ճնշող դեղամիջոցների ստեղծման արդյունքում: Առաջին հակառետրովիրուսային դեղամիջոցը, որը թույլատրվել էր կիրառել 1987 թվականի մարտին, Զիդովուդինն էր (Zidovudine, ZDV), որը հայտնի է նաեւ որպես ազիդոտիմիդին (AZT): Այսօր այն դեռեւս բարձր արդյունավետությամբ հակառետրովիրութային թերապիայի առանցքային բաղադրիչներից մեկն է:

Ցավոք, ներկայումս հակառետրովիրուսային թերապիան (ՀՌՎԹ) հասանելի է բնավ ոչ բոլոր ՄԻԱՎ վարակակիրներին, սակայն բազմաթիվ կազմակերպություններ անում են հնարավոր ամեն ինչ այն հասանելի դարձնելու համար:

Հորմոնալ հակաբեղմնավորիչներ

Հորմոնալ հակաբեղմնավորիչների ստեղծումն իսկական առաջխաղացում էր, քանի որ այդ դեղամիջոցները հնարավորություն են ընձեռել խուսափել անցանկալի հղիությունից եւ աբորտներից:

Հորմոնալ հակաբեղմնավորիչների կլինիկական փորձարկումները սկսվել էին 1920 թվականներին Լյուդվիգ Հաբերլանդթի նախաձեռնությամբ (Ավստրիա), որը հրապարակել էր հոդված կենդանիների մոտ արդյունավետ հակաբեղմնավորիչ միջոցն օգտագործելու հնարավորությունների մասին: Գիտնականի ինքնասպանությունից հետո փորձերը դադարեցվել էին, իսկ դրա վրա մեծ ազդեցություն ունեին նաեւ ակտիվիստ Մարգարեթ Սանգերի գործողությունները: Միայն 1960 թվականին հայտնագործվել եւ թողարկվել էր առաջին հակաբեղմնավորիչ հաբերը, որը սկսել էին օգտագործել ԱՄՆ-ում:

Ժամանակակից հակաբեղմնավորիչները շատ ավելի անվտանգ են, քան անցած դարում կիրառվողները: Ավելին, դրանք ունեն նաեւ թերապեւտիկ ազդեցություն եւ կիրառվում են որոշ հիվանդություններ բուժելու համար:

Ասպիրին

Դեռեւս հնագույն ժամանակաշրջանից ուռենուց եւ սալիցիտատով հարուստ այլ բույսերից պատրաստված դեղամիջոցները կիրառվում են տենդի դեմ պայքարում եւ որպես ցավազրկող: Քիմիկոս Ռաֆայել Փիրիան (Իտալիա) առաջինն էր, ում հաջողվել էր ուռենու կեղեւից դուրս բերել սալիցիլաթթուն, որը պիտանի էր մաքրման համար: Իսկ դա դեռեւս 1838 թվականում էր, այնուհետեւ 1853 թվականին Շարլ Ֆրեդերիկ Ժերարն առաջին անգամ սինթեզել էր ացետիլսալիցիլաթթուն:

Այսօր ասպիրինը լայնորեն կիրառվում է որպես ցավազրկող, ջերմիջեցնող, հակաբորբոքային դեղամիջոց:

 

 NEWS.am Medicine