Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Սևանա լճի ափամերձ տարածքների օբյեկտների տերերն ակցիա են իրականացնում: Նրանք փակել են Սևան-Գավառ ճանապարհը: Ակցիայի մասնակցիները պնդում են, որ Սևանա լճի ջուրը մաքուր է և նախարարների կեղծ հայտարարությունները վնասում են իրենց գործին:

Ակցիայի մասնակիցներից մեկն իր խոսքում ասաց, որ ոչ ոք չի պատկերացնում Գեղարքունիքի մարզում ապրողների հոգսերը:

«Եթե նախարարները այդքան արդար են, ինչո՞ւ չեկան մեզ հետ հանդիպման: Ես ամեն օր իմ տղայի հետ լողում եմ Սևանում, թող գան նկարեն, տեսնեն»,- ասաց ակցիայի մասնակիցը:

Ճանապարհ փակած տնտեսվարողները շեշտում են, որ եթե ջուրը թունավոր է, ապա ինչո՞ւ են Սևանի ջրով ոռոգում Արարատյան դաշտը: Ճանապարհը փակած մարդկանց միացավ նաև Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Լրագրողների հետ զրույցում Միքայելյանն ասաց.

«Կամ պետք է հայտարարեն, որ Սևանում լողալը վտանգավոր չէ կամ ապացուցեն, որ վտանգավոր է: Եթե մի բան կա, ապա թող հայտարարեն, որ վտանգավոր է, որ մարդիկ չգնան լողան: Եթե թունավոր է, ինչո՞ւ ձկները չեն սատկում»:

Պատգամավորը նշեց, եթե մինչև չորեքշաբթի կառավարության անդամները հայտարարությամբ հանդես չգան, Միքայելյանը նույնպես կմիանա և ճանապարհ կփակի: