Նույնիսկ դիկտատուրայում նման բան գոյություն չունի։ Այս մասին այսօր՝ հուլիսի 22–ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը։
«Եվրոպական տեսակետից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվող քրեական վարույթն այլևս ավարտված է։ Գործի յուրահատկությունը նրանում է, որ քաղաքական գործընթաց է:
Մեկ տարվա ընթացքում այս գործով շատ ոտնձգություններ են եղել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի նկատմամբ մարդու իրավունքների խախտման տեսանկյունից, սակայն դրա գագաթնակետն այն էր, երբ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորն առանց պաշտպանական կողմին լսելու հեռացավ որոշում կայացնելու։ Քոչարյանի այս մեկ տարվա դատավարության ընթացակարգին հետևելով՝ խախտումների 4 հիմնական փուլ ենք արձանագրել»,- ասաց փաստաբանը։
Ըստ նրա՝ առաջինը Քոչարյանի կալանավորումն էր՝ ելնելով հեռախոսային խոսակցություններից։
«Դատավորին պարտադրվեց պարոն Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը. ուզի դատավորը, թե ոչ՝ դա առաջին փուլն էր։ Երկրորդ փուլն այն էր, երբ կալանքից ազատումից հետո եղավ վարչապետի հրահանգը դատարանների դռները փակելու, որն ուղիղ ազդեցություն էր իրավական համակարգի վրա։ Երրորդ փուլը փաստաբանի ելույթ չունենալն էր և չորրորդը, որը նա բնորոշեց որպես զառանցանքի հասնող փուլ, դա վարույթ սկսելն էր այն դատարանի նկատմամբ, որը կալանքից ազատել էր Քոչարյանին։ Բայց այս ընթացակարգը դեռևս ավարտված չէ, և այս չորս փուլերից յուրաքանչուրը հետևանք պետք է ունենար՝ նվազագույնը պատասխանատու անձանց տվյալ գործից ազատում, բայց ինձ թվում է, թե ՀՀ-ում բոլորը քնած են։ Դժվարությամբ եմ հասկանում մարդկանց իներտ վիճակն այսօր»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ այս գործով ՍԴ-ն կընդունի որոշում, որը վերջ կտա «կատակերգությանը».
«Հանրությունը դեռ թմբիրի մեջ է, չեն գիտակցում՝ ինչ է կատարվում։ Ես հույս ունեմ, որ մենք չենք հասնի Եվրոպական դատարան և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ որոշում չի կայացվի։ Ես հույս ունեմ, որ Սահմանադրական դատարանը կընդունի որոշում, որը վերջը կտա այս կատակերգությանը։ Եթե դատարանը պարոն Քոչարյանին կամ ցանկացած մեկին դատապարտի 300.1 հոդվածով, ապա վստահ եղեք, որ 1-5 տարի հետո ձեր հետևից էլ կգան, ձեզ՝ լրագրողներիդ, փաստաբաններին, յուրաքանչյուր անձի մեղադրելով, որ նրանք սահմանադրական կարգը տապալում են։ Քրեական հանցագործությունը պետք է հստակ, որոշակի բանաձևվի, բայց այս գործում ոչինչ որոշակի չէ։ Ես Ֆրանսիայում բազմաթիվ պրոֆեսիոնալ մասնագետների հետ եմ խորհդրակցել, նրանք մինչ այսօր չեն հասկանում՝ ինչ է նշանակում սահմանադրական կարգի տապալում, այս հոդվածի ռիսկը այն է, որ սուբյեկտիվ է, կամայականության հիմք է տալիս», - հայտարարեց նա։