Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը հարվածած տաքսիստին. վեճի պատճառը ուղևոր փոխադրելու հարցն է եղել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Հուլիսի 30-ի լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում երկու տղամարդ, որոնք տաքսի են վարում, վիճել են իրար հետ, , հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ՝ անհանգստություն պատճառելով տարածքում գտնվող անձանց։ Նախնական տվյալներով՝ վեճի պատճառը ուղևոր փոխադրելու հարցն է եղել։ Միջադեպի ընթացքում նրանցից մեկը բռնունցքով հարվածել է մյուսի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզել են միջադեպի մասնակիցների ինքնությունը և մարմնական վնասվածք հասցնողին հայտնաբերել ու բերման ենթարկել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։