Լեոնարդո դի Կապրիոն սկսնակ դերասաններին խորհուրդ է տվել՝ որքան կարելի է ավելի շատ ֆիլմեր դիտել և սովորել մեծ նախորդներից: Այդ մասին նա հայտարարել է Daily Mirror թերթին տված հարցազրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին:
«Ես կասեի՝ սկսեք ֆիլմեր դիտել: Ուսումնասիրեք, թե ինչ է արվել ձեզանից առաջ: Ձեզ համեմատեք լավագույնների հետ և սկսեք ձեր ճանապարհը՝ մեկնակետ ունենալով այդ նշաձողը»,- հայտարարել է դի Կապրիոն: Դերասանը նաև նշել է, որ ինքը մշտապես ֆիլմեր է դիտում և ապշում է, թե այս ինդուստրիայում որքան շատ բան է արվել անցյալում: «Առաջինը, ինչը ես խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր ինձ հարցնում են կինոյում աշխատանքի մասին, հիշելն է, որ ձեր կողմից արված ամեն բան մնում է պատմության մեջ, տպվում ժապավենի վրա»,- նշել է դերասանը: Հարցազրույցում դի Կապրիոն նաև պատմել է Բրեդ Փիթի հետ աշխատանքի և «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմի մասին: Քվենտին Տարանտինոյի կինոնկարը պատմում է այն իրադարձությունների մասին, որոնք 1969 թվականին ծավալվում են Լոս Անջելեսում: Սյուժեի հիմքում ընկած է հեռուստատեսային վեսթեռնների նախկին աստղի՝ Ռիք Դալթոնի և նրա դուբլյորի՝ Քլիֆ Բութի պատմությունը: Գործողությունը տեղի է ունենում Չառլզ Մենսոնի հրոսակախմբի մասնակցությամբ իրադարձությունների և ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ դերասանուհի Շերոն Թեյթի սպանության ֆոնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: