Արդեն տևական ժամանակ է, ինչ հանրությունն ու համացանցը ակտիվ քննարկում են Երևան քաղաքի աղբահանության հարցը՝ քաղաքի աղտոտվածության համար մեղադրելով և´ քաղաքապետարանին, և´ «Սանիթեք» ընկերությանը։ Նախկին ու ներկա պաշտոնյաներն ու շարքային քաղաքացիները, միմյանց հերթ չտալով, քաղաքային իշխանություններին ուղղորդում են՝ ինչպես պետք է ճիշտ գործել։

 

Եթե որոշները շտապում են միայն քննադատել կամ, իրենց պատկերացմամբ, լավագույն լուծումներ առաջարկել տանը՝ համակարգչի առջև նստած, ապա կան գործիչներ էլ, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն են դրսևորում։

Եթե օրինակ բերենք Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին, ապա վերջինս բազմիցս հենց քաղաքապետարանի դիմաց փորձել է  իր բողոքի ձայնը բարձրացնել՝ աղբը հենց քաղաքապետարանի շենքի մոտ տանելով, «Մաքրելու ենք» կոչով և այլն՝ այս կերպ մեկ անգամ ևս քաղաքապետի ուշադրությունը հրավիրելով աղբահանության խնդրի վրա։ Թվում է՝ մտահոգության դրսևորումը պիտի իր աջակցությունը ստանար հանրության և հատկապես սոցցանցերի օգտատերերի շրջանում, սակայն քննադատների պակաս այս պարագայում էլ անգամ չնկատվեց։

Հասկանալի է, իհարկե, որ յուրաքանչյուրն ունի իր ազատ խոսքն արտահայտելու իրավունք, սակայն, երբ այդ իրավունքը հատում է մեկ այլ անձի իրավունքների սահմանը, քննադատությունը վերածվում է տգետ վարքագծի։ Զարմանալի է, սակայն իրենց բարկությունն ու հայհոյախառն մեկնաբանությունները թողնում են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև՝ կանայք։ Հետաքրքիր է՝ ինչ են մտածում այն տղամարդիկ, ում կանայք կամ դուստրերը շտապում են անվայել մեկնաբանություններ թողնել։ Թվում է, թե գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պիտի ավելի զուսպ ու կնոջը վայել պահվածք դրսևորեն, սակայն, շատ դեպքերում, հենց կանայք են անցնում կոռեկտության սահմանը։ Ինչպե՞ս կարելի է հայհոյանքներ կամ տգեղ ու վիրավորական արտահայտություններ գրել, երբ գիտես, որ քեզ շատերն են կարդում։ Կարելի է ենթադրել նաև, որ գուցե մտահոգվելու պատճառ չունեն, քանի որ ինչ-որ մեկի շահերը պաշտպանելու հստակ նպատակ ունեն։ Այս պարագայում, դատելով որոշների ֆեյսբուքյան էջերից և թողած մեկնաբանություններից, վստահ կարելի է նշել, որ վերջիններս ֆեյքեր են։

 

Օրինակ՝ Սուսաննա Սիմոնյանը իր մեկնաբանությունում կոչ է անում հանգիստ նստել տեղն ու չմեղադրել քաղաքապետարանին, թողնել, որ այն աշխատի, քանի որ վերջինս մեղավոր չէ․ աղբահանության խնդիրը 25 տարի է՝ կա։

 

Մեկ այլ օգտատեր՝ Հասմիկ Գևորգյանը, ով բավականին ակտիվ է համացանցում արվող իր մեկնաբանություններով, ևս շտապել է պաշտպանել Հայկ Մարությանին՝ սոված լիրբ անվանելով Սոնա Աղեկյանին։ 

Մերի Թովմասյանը, աղտոտվածության բեռը քաղաքապետի ուսերից գցելու համար նշել է, թե քաղաքը մինչ այս էլ միշտ կեղտոտ է եղել և Աղեկյանին մեղադրել է կաշառքի դիմաց կեղծ «մտահոգ» երևալու մեջ։

Ժենյա Ղազարյանը, քաղաքի աղտոտվածության համար Հայկ Մարությանին մեղադրելու համար Աղեկյանին շտապել է վիրավորել՝ նշելով, թե «հերիք է Հայկոյի տաբատից կախվես»։

 

Ինչո՞ւ են այսքան նեղսրտում և ոգևորվում այս կանայք, երբ բանը հասնում է Հայկ Մարությանին։ Տպավորություն է, որ հենց նրա շահերն են պաշտպանում։

ԼՈՒՐԵՐ․com-ը շարունակելու է բացահայտել համացանցում հայհոյող ու վիրավորող մեկնաբանություններ գրող կանանց, պարզելու համար, թե ովքեր են նրանք և ինչ շահեր են սպասարկում։ Ստորև ներկայացնում ենք որոշ մեկնաբանություններ՝ այս թեմայի հետ կապված։