Շոտլանդիայում տղամարդը հարսանեկան արարողության ժամանակ ընկնելուց հետո հայտնվել է կոմայի մեջ, հաղորդում է Scottish Daily Record-ը:

Նշվում է, որ Քրիս Մալոնի հետ դժբախտ պատահարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա օգնել է հյուրանոցի շվեյցարին նվերները տեղափոխել նորապսակների համար: Նա սայթաքել է և ընկել գրեթե չորս մետր բարձրությունից:

Շոտլանդացին գանգի, մեջքի, ձեռքերի դաստակների և ուսերի կոտրվածքներ և սալջարդեր է ստացել, ինչպես նաև վնասել է սիրտն ու թոքերը: Բժիշկները նրա վնասվածքները համեմատել են ավտովթարից փրկվածի վիճակի հետ: Բուժման ընթացքում տղամարդը նաև թոքաբորբ է տարել:

Գիտակցությունը վերականգնվելուց հետո պարզվել է, որ Մալոնը մասամբ կորցրել է հիշողությունը և չի հիշում հարսանեկան արարողության մասին: Այնուամենայնիվ, երբ նրա կինը երգել է հարսանեկան երգը, հիշողության որոշ հատվածներ վերականգնվել են:

Չնայած բժիշկների կանխատեսումներին, մեկ ամիս անց տղամարդը վերադարձել է տուն: Նա կորցրել է ձախ ականջի լսողությունը, հոտի և համի զգացողությունը: