Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքներն են ինքնիշխանությունը, համահայկականությունը և փոխգործակցությունը: Այս մասին օգոստոսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքի ընթացքում:

«Այս համաժողովի ընթացքում մենք այսօր հստակ ամրագրում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության երեք հիմնարար սկզբունքները.

  • Ինքնիշխանություն. այս սկզբունքի առանցքը հայաստանակենտրոնությունն է, առաջին հերթին Հայաստանի պետական շահերի, անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելիության ՀՀ բոլոր քաղաքացիների պաշտպանությունը: Անկախ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար հիմնարար պայմանն է ինքնիշխանության սկզբունքի ամրագրումը: Հայաստանի դիվանագիտական գործունեության մեջ առաջին հերթին հարցերը պետք է հենց այս տեսանկյունից դիտարկել: Հայկական դիվանագիտության մեջ հենքային այս սկզբունքն առավել կարևոր նշանակություն է ձեռք բերում ներկայիս աշխարհակարգի գլոբալ անորոշության պայմաններում, երբ առաջնային անվտանգության և զարգացման հիմնական մարտահրավերները կարող են լուծվել միմիայն ինքնուրույն և ինքնիշխան որոշումների հիման վրա:
  • Համահայկականություն. Սա և սկզբունք է, և միջոց: Առաջին հայացքից հավակնոտ թվացող այս սկզբունքն արտացոլում է ոչ միայն Հայաստանի, որպես հայության կենտրոն և գործողությունների առանցք լինելու հանգամանքը, այլև հայկական դիվանագիտության կողմից Հայաստանի Հանրապետությունը, Արցախը և աշխարհասփյուռ հայությունը, որպես մեկ միասնական միավոր դիտարկելու անհրաժեշտությունը, դրանից բխող միասնական ազգային օրակարգով: Վստահ եմ, որ այսպիսի գործնական փոխադարձ համագործակցության մթնոլորտի ստեղծումը Հայաստանի և աշխարհասփյուռ հայության միջև կարող է նպաստավոր միջավայր ապահովել Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման համար:
  • Փոխգործակցություն. Հայաստանը պատրաստ է իրավահավասար և փոխշահավետ գործակցության ցանկացած պետության հետ: Հայաստանը շարունակելու է աշխատել տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և զարգացման ուղղությամբ և այս նպատակով համագործակցել բարեկամ պետությունների և բոլոր մյուս գործընկերների հետ»,- ասաց Մնացականյանը:

Նախարարը նշեց, որ այս սկզբունքները կապահովեն մեր դիվանագիտության հարատև և շարունակական ընթացքը: