Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին բարձր է գնահատել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և նրա թիմի աշխատանքը, նշելով, որ նրանք շատ քրտնաջան և ինտենսիվ աշխատում են, որպեսզի մշակեն բարեփոխումների հայեցակարգը, ռազմավարությունը, որոնք անհրաժեշտ շրջանակ են հակակոռուպցիոն դատարանների նման առանձին նախաձեռնությունների համար։ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի հետ հարցազրույցում Սվիտալսկին ասել է, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Հայաստանում՝ դատական համակարգը բարեփոխելու ջանքերի առումով, շատ կարևոր է երկրի ապագայի համար։
«Մենք, իբրև Եվրամիություն, մի քանի առիթով, այդ թվում ամենաբարձր մակարդակում, հուլիսին նախագահ Տուսկի այցի ժամանակ, հայտարարել ենք մեր պատրաստակամությունը աջակցել և օգնել։ Իմ գնալուց հետո կլինեն որոշ՝ արդեն իսկ պլանավորված միջոցառումներ, որոնք մեզ հնարավորություն կտան իմանալու ավելին հայ գործընկերների ծրագրերի մասին։ Մի քանի շաբաթից կլինի Հայաստանի կառավարության հետ մեր հերթական նիստը՝ արդարադատությանը վերաբերող քաղաքականության երկխոսությունը։ Հիմնվելով նոր արդարադատության նախարարի, նրա թիմի և այլ մարդկանց հետ ունեցած իմ վերջին շփումների վրա՝ կարող եմ ասել, որ նրանք շատ ինտենսիվ են աշխատել՝ շատ ժամանակ տրամադրելով և իսկապես քրտնաջան աշխատելով, որպեսզի մշակեն բարեփոխումների հայեցակարգը, ռազմավարությունը, որոնք անհրաժեշտ շրջանակ են հակակոռուպցիոն դատարանների նման առանձին նախաձեռնությունների համար։ Իբրև Եվրամիություն մենք մշտապես ընդգծում ենք, որ մենք երբեք չենք փորձում ինչ-որ բան պարտադրել մեր գործընկերներին, այդ թվում Հայաստանին։ Ես անձամբ հավատացած եմ, որ կան բավականին շատ բանիմաց մարդիկ, ովքեր իսկապես խորը գիտելիքներ և անհրաժեշտ տեխնիկական որակներ, քաղաքական իմաստություն ունեն Հայաստանի համար լավագույն լուծումներ մշակելու համար»,- ընդգծել է Սվիտալսկին։
Սվիտալսկին հավաստիացրել է, որ Եվրամիությունը պատրաստ է կիսվել այլ երկրների փորձով, նույնիսկ տրամադրել փորձագետներ, ովքեր կկարողանան բացատրել, ինչպես դա աշխատեց կամ չաշխատեց այլ երկրներում։
«Ի լրումն տեխնիկական աջակցմանը մենք պատրաստ ենք տրամադրել ֆինանսական աջակցություն, բավականին շոշափելի ֆինանսական աջակցություն, որպեսզի օգնենք Հայաստանի կառավարությանը իրականացնել բարեփոխումների ծրագրերը։ Կարծում եմ, որ արդարադատության բարեփոխումները կլինեն շատ կարևոր ձեր երկրի ապագայի համար, որովհետև այն շատ կարևոր է տնտեսության, այդ թվում արտաքին ներդրումների համար: Դա շատ կարևոր է այնպիսի ժողովրդավարական գործընթացների համար, ինչպիսիք են ազատ ընտրությունները, դա շատ կարևոր է հասարակ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։ Ուստի ես հեռանում եմ լավատեսության զգացումով։ Որովհետև այն, ինչ ես տեսել եմ վերջին շաբաթների ընթացքում՝ Ձեր նոր արդարադատության նախարարի և նրա թիմի ջանքերի առումով, իսկապես շատ տպավորիչ է»,- շեշտել է Սվիտալսկին։
Դեսպանի խոսքով՝ երբ ինքը առաջին անգամ հանդիպեց արդարադատության նախարարի հետ և նախարարը իրեն ներկայացրեց շատ հավակնոտ ծրագրեր՝ մշակելով այս հայեցակարգերը, միջոցառումները, իր համար այդ ծրագրերը անհավանական են թվացել, սակայն Բադասյանը այդ ծրագրերը իրականացնում է։
«Ինչպես հասկանում եմ, նրանք արդեն պատրաստել են որոշ փաստաթղթեր, կիսվել են նրանցով Եվրոպայի խորհրդի և այլ գործընկերների հետ։ Այնպես որ, նա իր ծրագրին հետամուտ է լինում։ Դրա համար ես լավատես եմ։ Իհարկե, երբեմն դժվար կլինի։ Դատական բարեփոխումները երկրների մեծ մասում դժվար են անցնում, որովհետև պետք է համատեղել տարբեր շահերը և միևնույն ժամանակ պաշտպանել հիմնական արժեքը՝ դատական իշխանության անկախությունը։ Այնպես որ փոխել դատական համակարգը ու պահպանել դատական իշխանության անկախությունը շատ մեծ մարտահրավեր է, այդ թվում քաղաքական։ Բայց ես իսկապես լավատես եմ։ Հայաստանը կարող անել դա և պետք է անել դա, որովհետև այն այդքան կարևոր է երկրի լավ ապագայի համար»,- եզրափակել է Սվիտալսկին։