Մեկ ամսվա ընթացքում Քարահունջում 200-ից ավելի խոզ է անկել։ Որոշ պնդումների համաձայն՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը այդպես էլ չի կարողանում պարզել պատճառը, իսկ համայնքի ղեկավարն էլ հրաժարվել է տրամադրել փորձաքննության արդյունքները։ Նշվում է նաև, որ գյուղացիները, չիմանալով՝ ինչն է կենդանիների անկման պատճառը, չստանալով դեղորայքային աջակցություն համապատասխան կառույցներից և չկարողանալով որևէ միջոց ձեռնարկել, սատկած կենդանիների մի մասը թաղել են իրենց այգիներում, լցրել բաց դաշտերը, Քարահունջ գետը՝ չգիտակցելով խնդրի լրջությունն ու նոր խնդիրների ի հայտ գալը։

Թե ինչն է եղել խոզերի նման մասշտաբի անկման պատճառը, փորձեցինք պարզել համապատասխան մարմիններից։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշեց, որ խոզերի անկումներ հաճախակի են ունենում, բայց մասշտաբային առումով դեպքը եզակի է․ «Անալիզներն ուղարկվել են փորձաքննության, պարզվել է, որ պետական միջոցառումներն անասնաբույժն իրականացրել է, բայց թե ինչ ինֆեկցիա է, հայտնի չէ։ Դեղորայքային աջակցություն  պետպատվերի շրջանակում ստացել են։ Սուտ են տեղեկությունները, թե կենդանիներին թաղել են այգիներում, դաշտերում, քանի որ քաղաքապետարանը տեխնիկա է տրամադրել, փոսերը փորվել են, որտեղ էլ թաղվել են։ Երբ խոզեր են սատկել, յուրաքանչյուրն իր խոզն իր ձևով է թաղել, բայց երբ մեծ նման մասշտաբի դեպք գրանցվեց, բնակիչներին տեղեկացրինք, որ փոսը փորված է»,- ասաց Քարահունջ համայնքի ղեկավարը։ 

Նա, հակադարձելով Քարահանջի որոշ բնակիչների բողոքներին, նշեց, որ ոչ ոք իրեն չի դիմել՝ փորձաքննության արդյունքները ստանալու համար։ Նրա խոսքով՝ իրեն դիմել են բանավոր, ինչին ի պատասխան ասել է՝ երբ փորձաքննության 2 պատասխանն էլ ստանան, կտրամադրեն։ Ավետյանը նշեց նաև, որ իրեն դիմող քաղաքացուն տրամադրել է առաջին պատասխանը, իսկ 2-ն այսօր են ստացել։ 

Փորձաքննության արդյունքների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Սննդի ապահովման տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ խոզերի անկման հետ կապված միկրոբային դաշտի խնդիրների և ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ ստուգումն իրականացվել է, հիվանդությունները, որոնք տեսնում էին, բացառվել են, ինչը նշանակում է՝ կա այլ խնդիր, որը կարող է լինել ազատ պահման արդյունքում. «Մենք 2009 թ․-ից ասում ենք, որ խոզերը պետք է պահեն փակ տարածքում, քանի որ կան մի շարք վիրուսային հիվանդություններ, որոնք պետպատվերի շրջանակում չեն արվում, որովհետև այդ վակցինաները չկան։ Կեր, տարածք չունենալու պատճառով բաց տարածքում են պահում, չեն հետևում համապատասխան ընթացակարգերի, դրա համար էլ նման խնդրի առաջ են կանգնում։ 10 տարի շարունակ ասում ենք՝ խոզերը պետք է փակի տակ լինեն, որ դրանց վերարտադրությամբ զբաղվեն, բայց մեզ չեն լսում։ Կան վակցինաներ, որոնք գյուղացին անձամբ պետք է գնի և կանխարգելիչ միջոցառումներ իրականցնի, բայց չի անում ու դրա հետ մեկտեղ ուզում է, որ կենդանիները առողջ մնան»,- նշեց Խաչատրյանը։ 

Լուսանկարները՝ Մտահոգ Քարահունջեցի ֆեյսբուքյան էջից

 

Սոնա Հարությունյան