Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում հոգաբարձուների խորհրդի նախագահի և ռեկտորի ընտրության ժամանակ միաձայն հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Ռոման Մուրադյանը։

 

ԼՈՒՐԵՐ․ com-ը կապ հաստատեց Ռոման Մուրադյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց՝ իր համար պարտավորեցնող է, որ միաձայն ընտրվել է ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ․ «Ինձ համար պարտավորեցնող է, որ բոլորն իրենց ձայնը վստահել են ինձ և ես եմ ընտրվել ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ես պատրաստակամ եմ, որպեսզի միահամուռ ուժերով անենք ամեն բան ԲՈՒՀ-ի հեղինակությունն է՛լ ավելի բարձրացնելու համար»,- ասաց Մուրադյանը։

Նա խոստացավ բազմակողմանիորեն աջակցել կրթօջախին տարբեր ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև նպաստել ինստիտուտի առաջխաղացմանն ու զարգացմանը։ 

Նշենք, որ Ռոման Մուրադյանին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու է առաջադրել Ռոլանդ Շառոյանը։

 

Ստորև ներկայացնում ենք Ռոման Մուրադյանի կենսագրական տվյալները․

Ռոման Գագիկի Մուրադյանը ծնվել է 1981 թ. նոյեմբերի 20-ին Երևանում։

1988-1998 թթ. սովորել է Ս. Սպանդարյանի անվան, ինչպես նաև Երևանի թիվ 81 միջնակարգ դպրոցներում 20 տարի զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով: Միջազգային մրցաշարերի մրցանակակիր, սպորտի վարպետ, բանակային մրցումների հաղթող` սամբո-ըմբշամարտ մարզաձևից:

1998-2002 թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում, մասնագիտությունը՝ տնտեսագետ-ֆինանսիստ։

 

1999-2001 թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ ներքին զորքերում։

2005-2007 թթ. սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի «Քաղաքագիտություն» բաժնում և ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան 2007 թ. թողարկել է գիտական հոդված անհատի բրենդի ստեղծման տեխնոլոգիանների վերաբերյալ ՀՀ ԳԱԱ միակ գիտահանրամատչելի հանդեսում՝ «Գիտության աշխարհում»-ում։

2013-2015 թթ. զբաղվել է մասնավոր բիզնեսով՝ հիմնելով և ղեկավարելով «Նավթ և գազ», «Թրեք ստոպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները։

2016-2018 թթ. աշխատել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն՝ որպես Սննդի անվտանգության պետական ծառայության Երևանի կենտրոնի պետ 2016 թ-ին գյուղատնտեսության նախարարի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով։

 

2016 թ-ին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։

2017-2018 թթ. եղել է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ի պետի խորհրդական 2017 թվականից Համաշխարհային Կրթական Հետազոտական Դաշինքի բարձրագույն խորհրդի անդամ է։

2018 թ-ին մեկնել է ԱՄՆ՝ Ֆրեզնո, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման և զարգացման ծրագրի շրջանակում։

2015 թվականից ակտիվորեն աջակցել և մասնակցել է ՔՊ կուսակցության նախաձեռնած միջոցառումներին՝ լինելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համախոհ։

 

2018 թ. նոյեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել է Արարատի մարզում՝ որպես պատգամավորի թեկնածու՝ հանդես գալով 9-րդ համարի ներքո:

Ամուսնացած է, ունի 2 զավակ՝ մեկ դուստր և մեկ որդի: