Կառավարության նիստի վաղվա օրակարգում ներառված է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը:
Ըստ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի ներկայացրած հիմնավորման, մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությամբ ամրագրվում է, որ արձանագրության կողմ պետության իրավազորության ներքո գտնվող ոչ մի անձ չպետք է ենթարկվի մահապատժի և յուրաքանչյուր Կողմ-պետություն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իր իրավազորության շրջանակներում մահապատիժը վերացնելու համար:
«Արձանագրությունը բխում է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ. սեպտեմբերի 23-ին) 6-րդ հոդվածի տրամաբանությունից, արձանագրության դրույթները կիրառվում են որպես Դաշնագրի լրացուցիչ դրույթներ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածի համաձայն ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի, ուստի Արձանագրության ստորագրումը և հետագայում վավերացումը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ պարտավորություններ չի կարող առաջացնել:
Կողմերը համոզված են, որ մահապատժի վերացմանն ուղղված բոլոր միջոցները պետք է դիտարկել որպես կյանքի իրավունքի իրականացման հարցում ունեցած առաջընթաց:
Արձանագրության վավերացումը թույլ կտա էլ ավելի ամրապնդել Հայաստանի ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմինների, մասնավորապես՝ Մարդու իրավունքների կոմիտեի հետ փոխգործակցությունը՝ էլ ավելի բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում ՀՀ միջազգային հեղինակությունը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրության ստորագրումը:
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունը (այսուհետ' Արձանագրություն) ստորագրվել է 1989թ. դեկտեմբերի 15-ին:
Արձանագրությունը ստորագրել է 38 պետություն, ուժի մեջ է մտել 87 պետության համար:
Արձանագրության ստորագրմամբ Կողմերը համարում են, որ մահապատժի վերացումը կնպաստի մարդկային արժանապատվության բարձրացմանը և մարդու իրավունքների առաջադիմական զարգացմանը:
Կողմերը վկայակոչում են 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածը և 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 6-րդ հոդվածը»,- գրված է նախաարարի տեղակալի հիմնավորման մեջ: