Դավիթաշենի Մելքումով թաղամաս գնալու համար տարիներ շարունակ տաքսիստները մեծ դժվարությամբ են պատվեր ընդունել՝ պատճառն անբարեկարգ, խորդուբորդ ճանապարհն է: Իսկ անձրևի, ձյան տեղումների ժամանակ ճանապարհը դառնում էր անանցանելի:
Թաղամասը կառուցվել է մոտ 15 տարի առաջ։ Բնակիչները պարբերաբար դիմել են պատկան մարմիններին ՝ ասֆալտապատում իրականացնելու համար: Վերջապես երեք ամիս առաջ այդ խնդիրը լուծում ստացավ: Պարզվեց, որ այդ թաղամասում բնակվում է երգիչ Արսեն Սաֆարյանը և, ըստ լուրերի, ասֆալտապատման աշխատանքներն իրականացնելու նախաձեռնության հեղինակը հենց ինքն է:
Մենք կապ հաստատեցինք երգչի հետ՝ պարզելու, թե որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը: Երգիչը սիրով համաձայնեց խոսել այդ մասին ու պատմեց,որ տարիներ շարունակ բնակիչները բազմից դիմել են համապատասխան կառույցներին, բայց ապարդյուն: «Հերթական անգամ մեքենաս վնասելուց հետո, որոշեցի ինքս դիմել համապատասխան կառույցներին: Վերցրեցի թուղթն ու գրիչը և սկսեցի տեղեկացնել հարևաններին նախաձեռնությանս մասին: Բոլորից ստացա դրական պատասխան: Հավաքվեց 50-ից ավել ստորագրություն: Այդ ստորագրությունները ձեռքիս, որպես ՀՀ քաղաքացի, ներկայացա քաղաքապետարան: Իհարկե, մեծ էր աշխատակիցների զարմանքը, երբ ինձ տեսան »Մեկ պատուհանի դիմաց կանգած: Խնդիրը ներկայացրեցի, ընթացակարգի համաձայն նրանք մուտքագրեցին դիմումը՝ կցված բնակիչների ստորագրություններով: Ինձ տրվեց թերթիկ, ըստ որի նշանակվեց հանդիպում քաղաքաշինության վարչության պետ Գրիգոր Հարությանի հետ: Արդեն հանդիպման ժամանակ հասկացա, որ տեղյակ են մեր խնդրից: Ես անմիջական զրույցի ընթացքում առավել մանրամասն ներկայացրեցի բնակիչների պահանջը»,- ասաց Արսենը:
Զրուցակիցս պատմեց, որ 5 օր հետո նամակ է ստացել քաղաքապետարանից, որտեղ ասված էր,որ իրենց պահանջը բավարարված է և մինչև սեպտեմբերի 1-ը կկատարվեն ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ: «Անկեղծ ասած՝ զարմացա և ուրախությունս կիսեցի հարևաներիս հետ: Ոմանք չհավատացին, ոմանք թերահավատորեն մոտեցան՝ նույնիսկ պատասխան-նամակին, բայց փաստը նա էր, որ օրեր անց մեր փողոցում սկսվեցին ասֆալտապատման աշխատանքները»: Արսենը նշեց, որ առաջին իսկ օրվանից հետևել է շինարարական աշխատանքների ընթացքին:
«Մեծ պատասխանատվություն էի զգում, փորձում էի լինել թե՛ բնակիչների, թե՛ շինարարների կողքին: Ու զարմանալի ոչինչ չկար, որ ինձ պարբերաբար կարող էին տեսնել շինհրապարակում: Ընկերներս ինձ այդ ընթացքում զանգում էին, առաջինը հարցնում. «Ո՞ւր ես կորել, ասֆալտդ չե՞ս պրծել, կարո՞ղ է մասնագիտությունդ փոխես ու դառնաս շինարար: (ժպտում է- խմբ.): Ես հասկանում էի, որ բավականին ժամանակ եմ տրամադրում ոչ իմ գործին, բայց միևնույն ժամանակ գիտակցում էի նաև այս գործի կարևորություն մասին: Մի բան հստակ է, որ սա ոչ միայն բնակիչների, այլև քաղաքի համար է շատ կարևոր»,- պատմեց զրուցակիցս: Արսենը տեղեկացրեց նաև, որ արդեն հանդիպել է թաղապետի հետ և համոզված է, որ հաջորդ տարի կլրացնեն կիսատ թողած հատվածը:
«Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին, քաղաքաշինության վարչության պետ Գրիգոր Հարությանյանին, ովքեր այսքան տարիների խնդրին շատ կարճ ժամանակահատվածում լուծում տվեցին: Հաճախ խոսում են, որ մենք պետք է կառուցենեք մեր քաղաքը, բայց միայն խոսում են․․․ Ի վերջո պետք չէ միայն պահանջել, այլ պետք է խնդիրը ճիշտ ներկայացնել»,- ասում է Արսենը:
Ի դեպ, ասֆալտապատման աշխատանքներից զատ Արսենը անդրադարձավ նաև իր ստեղծագործական ուղուն ու նշեց, որ շուտով հանդիսատեսի դատին կհանձնի երկու նոր երգ: Բայց այդ մասին արդեն հաջորդ հարցազրուցի ժամանակ կներկայացնի առավել մանրամասն: