ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հարցազրույցը.
-Տիկին Նազարյան, մամուլն այսօր գրել էր Ձեր հրաժարականի մասին։ Ճի՞շտ է գրել։
-Ոչ, ճիշտ չէ: Դա ավելին է, քանի պարզապես ստահոդ լուրը: Դրա նպատակը խառնակչությունն է, անվստահություն սերմանելը ու ապակողմնորոշելը: Նպատակը հանրությանն ուղղված մեսիջն է, թե քաղաքական ուժն անկայուն է, անվստահ է, թիմի անդամները հուսալի չեն, հեսա-հեսա հրաժարական կտան կամ կհեռացվեն: Դրա նպատակը թիմի ներսում անվստահություն ու անկայունություն տարածելն է: Վերջին հիմնավորված հրաժարականների ֆոնին նման լուրեր տարածող, այսպես կոչված, լրատվամիջոցները օդում որսում են առիթը, որ կա՛մ իրականացնեն իրավիճակը ապակայունացնելու իրենց քաղաքականությունը, կա՛մ դրան ուղղված պատվերները, կա՛մ էլ հովանավոր են փնտրում՝ ուղիղ ասելով, որ պատրաստ են գումարի դիմաց ցանկացած սուտ, զրպարտություն, խառնակչություն, նենգափոխություն ու ապատեղեկատվություն տարածել: Անկեղծորեն մտահոգված եմ Հայաստանի լրատվական դաշտով, որը իրականում պետք է լինի հանրային շահի պաշտպանը, վերահսկողը և քննադատը: Բարեբախտաբար, բոլորը չեն փտած ճահճում լողում: Իրականում, հրաժարականի պատճառներ չկան և չեն լինի, քանի դեռ ես կատարում եմ այն հանձնառությունները, որոնք ստանձնել եմ հանրության և իմ գործընկերների առջև՝ պատգամավորական մանդատը ստանալիս:
-Ի՞նչ է շահում լրատվամիջոցը նման լուրեր տարածելով:
-Փորձեմ իմ և այլոց չստացված հրաժարականների առիթը օգտագործելով՝ բացահայտել -լրատվական դաշտի խոռոչները: Հանրությունը տեսնելով մասսայական հրաժարականների մասին լուրերը՝ սկսում է տագնապել, հոռետեսական կռահումներ անել, վախենալ, որ իրավիճակը երկրում կայուն չէ, մարդիկ հուսալի չեն: Իսկ թիմի ներսում հնարավոր է կասկածներ հարուցվեն, որ ամեն ինչ բաց ու թափանցիկ չէ, դավադիրներ ու դավադրություններ կան: Ահա, այսպիսի մթնոլորտ են փորձում ստեղծել անհուսալիորեն հնացած լրատվականները: Բայց դա չի ստացվի: Նրանք չգիտեն կամ չեն կարողանում հավատալ, որ գործ ունեն լրիվ ուրիշ որակի գործընկերային և հանրային հարաբերություններ ունեցող մարդկանց հետ: Նրանք մոռանում են, որ մենք եկել ենք քաղաքացիական հասարակությունից, ընդդիմությունից, որտեղ հնարավոր չէ գործել ու գոյատևել առանց փոխադարձ վստահության, առանց փոխօգնության, առանց թիմային առաջնորդության:
-Դուք միակը չեք, ում հրաժարականի մասիհն այս օրերին գրեց մամուլը, տրվում են նաև կառավարության անդամների անուններ: Լավ չե՞ն աշխատում նրանք, կա՞ն նման քննարկումներ իշխանության ներսում, ի՞նչ փոփոխություններ են սպասվում։
-Վարչապետի վերջին ասուլիսում հրապարակված 100+ փաստերի հետևում կառավարության անդամների աշխատանքն է: Առնվազն տարօրինակ ու անտրամաբանական է նախարարների լավ աշխատանքի արդյունքները ներկայացնելուն զուգահեռ քննարկել նրանց հրաժարակնների հարցը: Ինչ վերաբերում է առհասարակ հրաժարական տալուն, ապա մենք կառուցում ենք մի պետություն, որտեղ հանրությունը պետք է սովորի պետական պաշտոնյաների արժանապատիվ հեռացումներին և քաղաքական դեմքերի փոփոխություններին։ Այլեւս պետական պաշտոններն արտոնություններ զավթելու և պահելու տեղեր չեն, այլ հանրային ծառայություն մատուցելու առաքելություններ, որոնք ունենում են սկիզբ և ավարտ։
-Վերջին շրջանում ակտիվ են խոսակցությունները, որ «Իմ քայլի» ներսում կան տարաձայնություններ։ Դրա վկայությունն էր Ամուլսարի հարցը, երբ խմբակցությունում տարբեր դիրքորոշումներ արտահայտվեցին: Կա՞ն հիմքեր այս լուրերի համար:
-Ամուլսարի շուրջ տեղի ունեցավ և դեռ շարունակվում է հանրային ծավալուն քննարկում և պատգամավորներն էլ, որպես հանրային գործիչներ, ներգրավվեցին այդ քննարկման մեջ՝ ամեն մեկը ներկայացնելով իր տեսանկյունը և տարբեր հարցեր առաջ քաշելով: Իսկապես, համարում եմ, որ այս թափանցիկ, ներգրավված, մասնակցային գործընթացը մեծ ներդրում է այս խոսակցության մեջ: Արժևորում եմ իմ յուրաքանչյուր գործընկերոջ կարծիքը, քանի որ գիտեմ, թե որքան դժվար է լինել մասնակից և որևէ դիրքորոշման կողմ՝ այս զգայուն և հնչեղություն ստացած հարցում: Ես այս գործընթացը չեմ համարում տարաձայնություն, ես դա համարում եմ ճշմարտության ու Հայաստանի լավագույն շահի որոնում, և ուրեմն, պետք է համբերատար ու հարգալից շարունակենք երկխոսել միմյանց ու հանրության հետ:
-Ի դեպ, Ամուլսարի հարցի շուրջ վարչապետի հետ ներքին քննարկումներից հետո փոխվե՞լ է Ձեր դիրքորոշումը։
-Ամուսլարի հարցի հետ կապված ես մինչ այժմ մի կարծիք եմ հայտնել. ELARD կազմակերպության ներկայացրած զեկույցի ընթերցումը երկու իրարամերժ կարծիք է առաջացնում: Իմ ընթերցմամբ զեկույցն առավելապես հակասական ու բացասական էր: Եվ, եթե հիշում եք, վարչապետը ELARD-ի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի սկզբում հենց այդպես էլ ձևակերպեց խնդիրը՝ խնդրելով զեկույցի հեղինակներին պարզաբանել այդ հարցը: Բաց թողելով միջանկյալ գործընթացները՝ ասեմ, որ զեկույցում արձանագրած խնդիրների վերաբերյալ այս պահին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հանձնարարված է ստուգումներ անցկացնել, իսկ Ամուլսարի հարցով քննչական խմբի ղեկավարը փոխվել է, և քննությունը շարունակվում է: Ասեմ նաև, որ իմ գործընկերներ Մարիա Կարապետյանի ու Մերի Գալստյանի հետ Ազգային ժողովում հանդիպել ենք կառավարությանը ենթակա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է բնապահպանական և ընդերքօգտագործման օրենսդրությունը, դրա կիրառությունը, բացերը և թերությունները, ինչպես նաև այն բարելավելու հնարավորությունները։ Քննարկել ենք նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումներ իրականացնելու պլանները և ընթացակարգերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար հանդիպել թե՛ Ազգային ժողովի վերահսկողական գործառույթի իրականացման, թե՛ բնապահպանության և հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող օրենսդրության շարունակական բարելավման նպատակներով։ Հանդիպել ենք նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանի հետ, ով այժմ գլխավորում է Ամուլսարի գործով քննչական խումբը։ Քննարկել ենք գործի քննության հրապարակայնության կարևորությունը, իհարկե, որքանով որ դա թույլ է տալիս նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև հանրային վստահության ամրապնդման անհրաժեշտությունը։
-Վարչապետը վերջին ասուլիսում չէր բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Դուք ի՞նչ կարծիքի եք, կա՞ն նախադրյալներ արտահերթ ընտրությունների համար։
-Վարչապետը ոչ թե չի բացառել, այլ ասել է, որ մեծ հավանականությամբ նման բան տեղի չի ունենա: Իհարկե, վերոնշյալ լրատվականները, տարբեր խնդիրներ շահարկող կողմերն անպայման կփորձեն նման մտքեր ներշնչել, բայց այս պահին նոր ընտրությունների որևէ նախադրյալ ես չեմ նկատում: Հակառակը՝ ես նկատում եմ մեր քաղաքական թիմի հասունանալու, միասնական աշխատանքը է՛լ ավելի արդյունավետ կազմակերպելու ներուժ, ինչը հաջորդ ընտրական փուլին հանդարտ ու ապահով հասնելու երաշխիքն է:
-Տիկին Նազարյան, ուժային կառույցների ղեկավարների վերջին փոփոխությունը ինչի՞ մասին է հուշում։ Պաշտոնապես ասվեց, որ այդ պաշտոնյաների աշխատանքը չի գոհացրել վարչապետին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Բայց խնդրում եմ հստակեցրեք. հատկապես ի՞նչը չի գոհացրել վարչապետին՝ կոռուպցիայի դեմ պայքա՞րը, նախկին իշխանությունների նկատմամբ քրեական հետապնդումնե՞րն են համարվել անբավարար, թե՞ այլ պատճառներ կան։
-Մանրամասների չեմ տիրապետում և չեմ էլ կարծում, որ այս դեպքում մանրամասները պետք է հանրային քննարկման առարկա դառնան: ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնանկությունները քաղաքական հարցեր չեն, այլ կառավարչական որոշումներ:
-ԱԱԾ նախկին տնօրենի հրաժարականի տեքստը շատերը համարեցին քաղաքական տեքստ ու եզրակացրին, որ նա մուտք է գործում քաղաքականություն։ Դուք ի՞նչ տպավորություն ստացաք, ի՞նչ նկատի ուներ Վանեցյանը, երբ ասում էր՝ «կանգ առ...»
-Տպավորությունն այպիսին էր, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող անձին ոչ հարիր հախուռն և էմոցիոնալ մի բան է ասվել, որը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել՝ թե՛ որպես քաղաքական հավակնության, թե՛ որպես նեղվածության դրսևորում։ Համենայն դեպս, առաջինի մասով պարոն Վանեցյանը կարծես հերքեց՝ նշելով իր առաջիկա գործունեության առաջնահերթությունը։
-ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը։ Ի՞նչ եք կարծում, հիմքերը բավարա՞ր են նման գործընթացի համար։
-Այո, կարծում եմ հիմքերն ավելի քան բավարար են: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հայտարարության մեջ նշեց դրանք. Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճորեն չի քննել այն հանգամանքը, որ ՍԴ 3 անդամներ առերևույթ կողմնակալ են: Անտեսվել է հատուկ կարծիքներից մեկը, որում ասվում է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում և ըստ էության արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լիներ, եթե չլիներ այդպիսի շտապողականություն: Առ այսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ի՞նչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով: Մինչև հիմա չկա այդ տեքստերի հայերեն տարբերակը, ինչը կասկած է հարուցում, որ ՍԴ-ում չեն գրվել դրանք: Էլ չասեմ, որ Հրայր Թովմասյանն օգտագործելով Սահմանադրության անցումային կետերը՝ հանուն իր անձնական ու կուսակցական շահի սահմանափակել է ՍԴ-ի փաստացի համապատասխանումը Սահմանադրությանը:
-Ձեր ընդդիմադիր գործընկերները, կարծես, ոգևորված չեն այս գործընթացով: Կունենա՞ք աջակցություն խորհրդարանում, հետո՝ ՍԴ-ում։
-Իսկ ի՞նչ է, նրանք պատրաստվում են ՍԴ-ի փոխարեն հակափաստարկնե՞ր ներկայացնել վերոնշյալ հարցադրումներին: Կարող են փորձել, բայց պետք է պատրաստ լինեն, որ այդ դեպքում գուցե իրենց կողմնապահության վերաբերյալ հարցեր առաջանան:
Աղբյուրը՝ Parliamentmonitoring.am-ի