ԱԺ նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեկնաբանելով ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի իրենց պաշտոնից հեռանալու հանգամանքը Ազգային Ժողովի Նախագահ Արարատ Միրզոյանը պարզաբանել է հետեւյալ կերպ՝ Վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից, բայց գործընկերային հարաբերություններից ելնելով, առաջարկել է իրենց հրաժարականի տեսքով ազատվել զբաղեցրած պաշտոններից:

Այսինքն ԱԺ Նախագահի մեկնաբանությունը մոտավորապես հետեւյալն է, բոլոր դեպքերում այդ ղեկավարները պետք է թողնեին իրենց պաշտոնը՝ ի՞նչ կարեւոր է պաշտոնանկության թե հարաժարականի արդյունքում:

Բայց արդյո՞ք տարբերություն չկա պաշտոնանկության եւ պաշտոնից հրաժարական տալու միջեւ:

Արդյո՞ք այդ երկու հասկացությունները իրավական-քաղաքական իմաստով նույնաբովանդակ են:

Անշուշտ ո՛չ եւ առնվազն տարակուսելի է, որ Երկրի թիվ 2 պաշտոնյան դա չի ցանկանում նկատել:

Նախ կարեւոր տարբերությունն այդ երկու իրավական գործընթացներրի միջեւ այն է, որ տարբեր են դրանք նախաձեռնող սուբյեկտները: Պաշտոնանկության պարագայում նախաձեռնողը տվյալ պաշտոնյայի անմիջական քաղաքական ղեկավարն է՝ տվյալ դեպքում Վարչապետը: Մինչդեռ հրաժարականի դեպքում նախաձեռնողը ինքը՝ պաշտոնյան է:

Բայց առանցքային տարբերությունն այդ երկու գործընթացների միջեւ պայմանավորված է դրանց տարբեր քաղաքական իմաստներով:

Պաշտոնանկությունը փաստում է տվյալ պաշտոնյայի գործունեության արդյունքներով քաղաքական անմիջական ղեկավարի բավարարված չլինելու հանգամանքը, ընդ որում այն ընկալմամբ, որ այլեւս այդ պաշտոնում տվյալ պաշտոնյայի հետագա գործութնեությունը համարվում է անհանդուրժելի:

Մինչ դեռ պաշտոնյայի կողմից պաշտոնից հրաժարական ներկայացնելու փաստը վկայում է պաշտոնյայի եւ նրա անմիջական քաղաքական ղեկավարի միջեւ տվյալ պաշտոնին օրենքով վերապահված պարտականությունների կատարման խնդրում անհամաձայնության եւ սկզբունքային տարաձայնությունների մասին:

Ընդ որում, որպես կանոն, այդ տարաձայնությունները դառնում են անհաղթահարելի այն պարագայում, երբ պաշտոնյան իր հետագա պաշտոնավարումը տվյալ պաշտոնում տվյալ քաղաքական ղեկավարի ենթակայությամբ քաղաքական եւ/կամ իրավական առումներով գնահատում է իր համար այլեւս ոչ նպատակահարմար:

Հրաժարականը քաղաքական պռոտեստի դրսեւորում է, այն դեպքում, երբ պաշտոնանկությունը՝ տվյալ պաշտոնյայի կողմից պաշտոնեական պարտականություների աններելի ձախողման գնահատաական:

Հրաժարականը պաշտոնյայի գիտակցված ընտրությունն է եւ նա է կրում այդ քայլի իրավական եւ քաղաքական հետեւանքների ողջ պատասխանատվությունը, մինչդեռ պաշտոնանկությունը դա քաղաքական ղեկավարի նախաձեռնությունն է եւ վերջինս է կրում այդ քայլի թե՛ իրավական եւ թե՛ քաղաքական հետեւանքների պատասխանատվությունը:

Պետական կառավարման գործընթացներում ներգրավված պաշտոնյաները եւ քաղաքական գործիչները պարտավոր են տիրապետել կառավարման արվեստի այս նրբություններին»: