Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ, բեմադրություններից մեկը բուռն արձագանք ստացավ։ Լուրեր․ com-ի թղթակիցը բեմադրության նշանակությունից, հագուստներից և իրարանցումից խոսեց բեմադրող Ռուդոլֆ Խառատյանի հետ։
«Օգտագործված էր «Զույգ արեգակներ» բեմադրության հագուստը։ Այդ բեմադրությունից հատված չկար։ Ամբողջությամբ նոր բեմադրություն էր։ Ընդ որում, ոչ այնքան բեմադրություն էր, որքան՝ ծես։ Ծես՝ մեր ազգային արժեքներով ու արվեստով։ Օգտագործել էինք բազմաթիվ սիմվոլներ»,- ասաց Խառատյանը։
Ըստ նրա՝ իրենք իրենց առաքելությունն են կատարել։ Բեմադրել են ծես, ընդ որում՝ շեշտված ազգային։ Այդ ծեսը մեր հոգևոր դաշտի մասին էր, որ ամրանանք։ Բալետը ազգային չէ, ֆոլկլոր չէ, բայց փորձել են գեղեցիկ բեմադրություն ստանալ։ Թեպետ բեմը փոքր է եղել, և հիմնականում աշխատել են երաժշտության կոնտրաստի վրա։
«Այս աղմուկի պատճառը չեմ հասկանում։ Փորձեցին քաղաքական դաշտ տանել, հենց իմացան նախորդ կառավարության օրոք է բեմադրվել։ Հիմնական խնդիրը հենց հագուստն էր։ Պատկերացրեք, թագավորները վերնազգեստներ չեն կրել։ Հագուստը գեղեցիկ էր։ Ցավոք, բայց այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ եմ տեսնում։ 2015-ին նույն հագուստնեը օգտագործել են, ոչ մի քննադատություն չի եղել, իսկ հիմա՞»,- սրտնեղում է Խառատյանը։
Խառատյանը նշեց, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը պետք է լուսաբաներ այս ամենը։ Նրանք պետք է ավելի հետևողական լինեին։
Խառատյանը լավատես է․ «Մի կողմից լավ է, որ մարդիկ այսքան հետևողական են, հետաքրքրվում են արվեստով։ Հիմա արդեն կիմանան, որ ներկայացման մեջ օտար ոչինչ չկար։ Ամեն ինչ հայկական էր։ Ախր արվեստի մեջ ամոթ չկա։ Շատ եմ ուզում, որ մարդիկ արվեստն ու քաղաքականությունը իրար չխառնեն»,- իր խոսքն ամփոփելով՝ ասաց Խառատյանը։
Հիշեցնենք, որ «Զույգ արեգակներ» ներկայացումը բեմադրվել է 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելին նվիրված միջոցառումների շրջանակում, պետական հովանավորությամբ։ Բեմ է բարձրացել 9 անգամ։