Վերջին օրերին հաճախակի են դարձել խոսակցությունները՝ կապված կոռուպցիոն գործերի բացահայտման տեմպերի հետ: Շատերին այդ տեմպերը գոհացնում են, շատերին՝ ոչ: Փորձենք ամփոփել հեղափոխությունից հետո Հայաստանի ամենաաղմկետ կոռուպցիոն բացահայտումները և հասկանալ՝ իրականում ինչ է շահել դրանից պետությունը և բյուջեն:
 
Հեղափոխությունից հետո ամենաաղմկահարույց առաջին բացահայտումը թերևս վերաբերվում էր Գեներալ Մանվել Գրիգորյանին, ում առաջադրվեցին ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու մեղադրանքներ։ Հունիսի 16-ին «Երկրապահ կամավորական միության» նախագահին Ազգային անվտանգության ծառայությունը բերման ենթարկեց ԵԿՄ Էջմիածնի տարածքային կառույցի շենքից։ Մանվել Գրիգորյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել յուրացման համար, և, որպես վնաս, վարույթն իրականացնող մարմինը ֆիքսել է 7 մլն դրամ, որը դեռևս 2018-ի սեպտեմբերին վճարվել է դատախազության դեպոզիտ հաշվին:
 
Սերժ Սարգսյանի մերձավորների նկատմամբ առաջադրված մեղադրանքներից ուշագրավ էր նաև նրա երկարամյա թիկնազորի պետի՝ Վաչագան Ղազարյանի գործը։ Հունիսի 25-ին Երևանի Չարենցի փողոցում գտնվող «Յունիբանկի» մուտքի մոտ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալեցին Ղազարյանին։ ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող Վաչագան Ղազարյանի ձեռքի պայուսակում կար 120 000 ԱՄՆ դոլար, 436 միլիոն դրամ գումար։ Նրան ուղեկցած Լեքսուս ավտոմեքենայից հայտնաբերվեց 50 000 ԱՄՆ դոլար։ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է:
 
Հեղափոխությունից հետո ի հայտ եկան մի շարք կոռուպցիոն սխեմաներ, որոնք առնչվում էին անգամ տարիներ ի վեր պաշտոններին հրաժեշտ տված գործիչների։ Այսպես, Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին մեղադրանք առաջադրվեց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության ու փողերի լվացման համար։ Ըստ ԱԱԾ-ի՝ Արմեն Ավետիսյանը տարբեր անձանց հետ ձեռնարկել և ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը։ Համալիրը ընդամենը երեկ փոխանցվեց պետությանը:
 
2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. «Սա երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքն է, որն իր թելերով տանելու է էլի ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից»: Ավելի ուշ պարզվեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի մասին է, որը մինչ օրս դեռ կալանավորված չէ. հասցրեց թաքնվել քննությունից: Ու պարզվում է, որ երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի գործը հարուցված է եղել դեռևս 2015 թվականին՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախաձեռնությամբ:
 
2018-ին նաև հայտնի դարձավ «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու մասին: Ի դեպ, այս ընկերությունները կապվում էին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի անվան հետ, մինչդեռ Սաշիկ Սարգսյանի կապը այս պատմության մեջ ոչ միայն չապացուցվեց, այլ վերջինս դեռ ազատության մեջ է: Միայն պետք է նշել, որ ըստ իրավապահ մարմինների՝ այսօրվա դրությամբ պատճառված վնասից վերականգնվել է 210մլն. ՀՀ դրամ գումար։
 
Խոշոր կոռուպցիոն բացահայտումները չշրջանցեցին նաև Ատոմակայանը: ՀՀ ԱԱԾ-ն պարզել էր, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք իրենց կողմից տնօրինվող ընկերությունների միջև վերավաճառքի ձևական գործարքներ են ձևակերպել և ուռճացրել ապրանքների իրական գները։ Արդյունքում շուրջ 7 մլն ՀՀ դրամ արժեքով անվտանգության պահեստամասերը 2017-2018 թվականների ընթացքում ՀԱԷԿ-ին վաճառել են 33 մլն դրամով` այդպիսով վատնելով շուրջ 25 մլն ՀՀ դրամ:
 
Սոցապ ոլորտում ևս եղան աղմկահարույց բացահայտումներ: Մասնավորապես, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները ապօրինաբար ելքագրել էին 500 միլիոն դրամ: Այս ընթացքում վերջիններս կամովին վերականգնել են պետությանը պատճառված վնասից 107մլն ՀՀ դրամը՝ պատրաստակամություն հայտնելով մինչդատական վարույթի ընթացքում ամբողջությամբ վերականգնել պետությանը պատճառված վնասը։
 
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ամիսներ առաջ մեղադրանք էր առաջադրվել. Քրեական գործը վերաբերվում է պետական սուբսիդավորման ծրագրով գյուղացիներին մատչելի գներով տրամադրված պարարտանյութերի գործընթացին: Քրեական գործի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված էական վնասի փոխահատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է: Սակայն դա կարծես չի օգնել Գագիկ Խաչատրյանին, ում իր եղբորորդու հետ մեկտեղ կալանավորեցին վերջերս՝ արդեն մեկ այլ քրեական գործի շրջանակներում. նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:
 
Օրերս էլ նոր քրեական գործ է հարուցվել Սերժ Սարգսյանի ավագ եղբայր Լևոն Սարգսյանի դեմ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափի հափշտակության համար։ Հանցագործության մասին Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է տվել գործարար Վլադիսլավ Մանգասարյանը։