Ես համարում եմ, որ բոլորն ազատ արտահայտվելու իրավունք ունեն, ինչպես նախոօրդ օրերին այստեղ հավաքվածները։ Անկախ մեր գնահատականներից, թե ինչ է տեղի ունեցել նախորդ օրերին, մենք որոշեցինք, որ սա հանրային տարածք է, և որոշեցինք մեր ազատ ժամանակն այստեղ անցկացնել, և ով գիտի, թե էլ ուրիշ ինչ ձևերով ենք մեր ժամանակն անցկացնելու։

Այս մասին այսօր «Բաց հասարակության հիմնադրամի գրասենյակ»-ի տարածքում լրագրողների հետ զրույցում ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լևոն Բարսեղյանը։ Նշենք, որ Լևոն Բարսեղյանն ու Արթուր Սաքունցն այնտեղ ակցիա են իրականացնում՝ նարդի խաղալու տեսքով։ Ակցիան ուղղված է ՎԵՏՕ շարժման անդամների դեմ։

Հարցին, թե ակցիայի նպատակն այն է, որպեսզի ազատվի՞ տարածքը, Բարսեղյանը պատասխանեց․ «Գիշերը եկել և այս տարածքում գրություններ են թողել՝ «Սորոսի վաստակները»։ Ես կասկածներ ունեմ, որ դրանք գյալմապիցառուները և սերժատառականներն են։ Թող հետաքննություն անցկացնեն և պարզեն, թե ով է ապականում Երևանի փողոցները։ Մենք համարում ենք, որ այս տարածքը պետք է լինի հանրային տարածք, օկուպացված չպետք է լինի որևէ մեկի կողմից, որևէ մեկն իրավունք չունի հանրային տարածքով անցնող մարդուն վիրավորել, ստորացնել և անասուն հարցեր տալ։ Իրենք պետք է կարգի հրավիրվեն և կհրավիրվեն։ Ոստիկանությունը մինչև հիմա մատնված է եղել անգործության և մեր կանխավարկածն այնպիսին է, որ նրանք մինչև վերջ էլ անգործության են մատնված լինելու, թող մնան, մենք մերն անելու ենք»։

Անդրադառնալով Վետօ շարժման մասնակիցների քայլերին՝ Բարսեղյանն ասաց․ «Ես կասկածներ ունեմ, որ իրենց վրա դեռևս սերժառոբական շորշոփն է նստած. դեռ չեմ պատկերացնում իրենց գործառույթները։ Այն օրը, երբ ես եկա և տեսա նրանց, տպավորություն ունեցա, որ իրենք իրենց դիտորդի տեղ են դրել»։

Լևոն Բարսեղյանը նշեց, որ իրենք հակաօրինական քայլեր չեն անելու, չնայած գայթակղությունը մեծ է։

«Երբ քո առջև կանգնած ընտանիքիդ 15 րոպե հայհոյում և վիրավորում են, ուզում ես այդ պահին պատին «սվաղել» այդ կենդանիներին, բայց մտածում եմ, որ չարժե։ Սա միակ ակցիան չէ, շարունակվելու է, համ էլ վաղուց նարդի չենք խաղացել»,- ասաց Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ օրեր շարունակ ՎԵՏՕ շարժման անդամներն ակցիա էին իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամի» գրասենյակի մոտ։