ՎԵՏՕ նախաձեռնության մասնակիցները օգտագործում են ժողովրդավարական մեթոդները, գործիքները հակաժողովրդավարական նպատակներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բաց հասարակության հիմնադրամ»-ի գրասենյակի մոտ ընդդեմ ՎԵՏՕ շարժման ակցիա իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Ինչո՞ւ են նրանք դա անում, որովհետև «Բաց հասարակության հիմնադրամը» և նրա ողջ գործուենությունն ուղղված է եղել ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանությանը, և մենք էլ, համագործակցելով ոչ միայն այդ հիմնադրամի, այլ նաև տարբեր հիմնադրամների, դեսպանատների, Եվրոմիության հետ, մշտապես հնարավորություն ենք ունեցել ավտորիտար իշխանության կողմից չվերահսկվող ֆինանսական ռեսուրսների միջոցով իրականացնել այդ գործունեությունը, այլ տարբերակ որովհետև չկար։ Եվ հիմա, երբ հեղափոխությունից հետո վերականգնվեց ժողովրդավարության հնարավորությունները, տեսեք՝ ինչ գործընթաց է տեղի ունենում։ Ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը զուգահեռ նախկին կոռումպացված համակարգի ներկայացուցիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը և պատասխանատվության ենթարկելը, որը պայմանավորված է հանրային ռեսուրսների յուրացմամբ իրենց անձնական կամ խմբային շահերով, զուգահեռ թիրախավորում են ժողովրդավարական արժեքները և թիրախավորելու հիմնական նպատակը հանրային տարածքների զբաղեցումն է»,- ասաց Սաքունցը։
Սաքունցի խոսքով՝ հակաժողովրդավարական որևէ քայլ չի կարող պաշտպանված լինել, երբ դա ուղեկցվում է ատելության խոսքով, մանիպուլացնելու միջոցով։
«Մենք միշտ թափանցիկ աշխատել ենք և շարունակում ենք այդպես աշխատել, բայց պետք է մի զուգահեռ անցկացնեմ։ Երբ անվանում են արտասահմանյան գործակալ և դրա դիմաց որևիցե փաստարկ չեն ներկայացնում, դա մանիպուլիացիա է, այն դեպքում, երբ իրենք իրենց ռեսուրսների առումով որևէ հաշվետվություն չեն ներկայացնում։ Նրանք, ի վերջո, ամբողջ օրն այստեղ նստած են լինում, որտեղից են այդ ֆինանսական միջոցները, երբ մարդիկ կանոնավոր գալիս են իրենց աշխատանքին։ Ես կարծում եմ, որ չի կարող պաշտպանված լինել ատելության խոսքի հիման վրա կառուցված խոսքի ազատությունը, որովհետև դա դեմ է ժողովրդավարական պետության շահերին»,-ասաց Սաքունցը։
Սաքունցը նշեց՝ մի խնդիր կա, որ ուղղված է իշխանություններին։ «Ես գտնում եմ, որ իշխանությունները պետք է շատ ավելի ակտիվ լինեն և դա դիտարկեն որպես մարտահրավեր հենց ժողովրդավարական զարգացումներին, որովհետև եթե լռության են մատնում այդ ոտնձգությունները, ապա նշանակում է, որ նպաստում են դրանց տարածմանը։ Սա պետք է դիտարկեն լուրջ կազմակերպված գործողություն։ Մեր նպատակն է ահազանգել, որ սթափվեն առաջին հերթին իշխանությունները, որ պետք է քաղաքական կամք դրևորեն՝ հակադարձելու նման երևույթներին»,- ասաց Սաքունցը։
Սաքունցի խոսքով՝ երբ ՎԵՏՕ նախաձեռնության անդամներն իրենց խշխանության ագենտներ են կոչում, դա իրենց տրամաբանության շրջանակում է, այդ իրենք են եղել իշխանության ագենտներ։ «Մենք արժեքների ագենտներ ենք, այլ ոչ թե իշխանության, և եթե արժեքները պահպանող մարդկանց խփում են, իշխանության ժողովրդավարական հիմքը թուլանում է»,- ասաց Սաքունցը։
Սաքունցը նշեց, որ խնդիրը Սորսը չէ, եթե անգամ այս հիմնադրամին աջակցեր Բիլ Գեյթսը կամ Շառլ Ազնավուրը, միևնույն է, քննադատելու էին։