Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը «ArmNews» հեռուստաընկերության եթերում խոսել է իր շուրջ ծավալվող իրադարձությունների և սպասվող զարգացումների մասին։ Խոսելով իր հրաժարականի պահանջի մասին` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ուշագրավ ակնարկ է արել` հայտարարելով, որ ՍԴ-ով է անցնում Ղարաբաղը տալու–չտալու հարցը: Ստացվում է, որ ըստ Թովմասյանի ՝ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը փորձում են իրենից ազատվել հենց վերոնշյալ ծրագիրը իրականացնելու նպատակով:
Մենք գիտենք, որ Իմ Քայլը Թովմասյանի հրաժարականի պահանջը կապում էր առավելապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործում ՍԴ նախագահի ունեցած սուբյեկտիվ և կանխակալ վերաբերմունքի հետ: Թովմասյանը, սակայն, խնդիրների ավելի բարձր նշաձող է սահմանում` պնդելով, որ պատճառը ոչ թե Քոչարյանն է , այլ` Արցախի շուրջ տարվող առևտուրը, որտեղ ինքը խանգարում է կողմերի համաձայնությունների իրագործմանը: Ի դեպ, նույնն է պնդում նաև երկրորդ նախագահը` իր բանտարկությունը պայմանավորելով նրանով, որ խանգարում է բանակցային գործընթացում զիջումների գնալու ծրագրի իրականացմանը: Թովմասյանի մեսիջը ուղղված էր ոչ այնքան Նիկոլ Փաշինյանին, որքան քաղաքական դաշտին: ՍԴ նախագահը կոչ է անում քաղաքական ուժերին, այդ թվում` խորհրդարանական ընդիմությանը, աջակցել իրեն՝ ՍԴ-ն պահելը համեմատելով սահման պահելու հետ: Եվ բնական է, որ այն ուժերը, որոնք կաջակցեն Փաշինյանին ՍԴ-ն ցրելու հարցում , ինքնստինքյան դառնում են սահման հանձնող:
Թովմասյանը նաև քաջ գիտակցում է, որ այն նախագիծը, որն այսօր քննարկվում է խորհրդարանում՝ իրավական տեսանկյունից ամուլ է և սա լուրջ խաղաքարտ է ՍԴ նախագահի ձեռքում: Սահմանադրական դատարանը թերևս հնարավոր լինի ցրել միայն սահմանադրական բարեփոխումների արդյունքում, մինչդեռ այդ բարեփոխումներն էլ չեն կարող անցնել առանց ՍԴ մասնակցության. ստացվում է փակ շղթա: Այդ շղթան կոտրելու վրա իշխանությունները պատրաստ են ծախսել իրենց ունեցած բոլոր ռեսուրսները: Չափից դուրս շատ բան է դրված խաղասեղանին և հենց դրանով է պայմանավորված այս փուլում Թովմասյանի կոչը հասարակական-քաղաքական սեկտորին…