ՀՀ առողջապահական ոլորտում բուռն կրքեր են: Երեկ մամուլում լուր տարածվեց, որ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում, բժիշկ Վահագն Համբարձումյանի և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի միջև ծեծկռտուք է եղել: Ըստ լուրերի՝ պատճառն այն էր, որ Նարեկ Մանուկյանի հորը՝ բժիշկ Գագիկ Համբարձումյանին աշխատանքից ազատել են: Ավելի ուշ, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր Ֆեյսբուքյան էջում լուսանկար էր հրապարակել, համաձայն որի՝ Նարեկ Մանուկյանի հայրը՝ Գագիկ Համբարձումյանն աշխատանքից ազատվել է հիվանդի ընտանիքից լրացուցիչ գումար պահանջելու համար:
Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց բժիշկ, Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ:
«Դեռ ամիսներ առաջ էի զգուշացնում, որ առողջապահական ոլորտը լուրջ բարեփոխումների կարիք ունի, որ որոշումները, որոնք կայացվում են այս պահին, այնքան էլ նպատակահարմար չեն: Հիմա կատարվում է այն, ինչի մտավախությունն ունեի: Առողջապահության նախարարի սխալ քաղաքականությունը, պոպուլիստական հայտարարությունները հանգեցրել են նրան, որ այսօր հիվանդանոցային կյանքը ապականվել է: Այսինքն՝ հիմա՝ բժիշկն ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը իրար մեջ հարցերը կարգավորելու մեխանիզմ ընտրում են ֆիզիկական բռնությունը: Ինչը սխալ է ու դատապարտելի»,- նշեց Գրիգորյանը:
Ըստ նրա՝ նախարարը ուռուցքաբանական վիրահատությունների համար սահմանել է մինիմալ գներ, որոնցով շատ բժիշկներ պատրաստ չեն աշխատել, բայց նախարարը պարտադրում է բժիշկներին, որպեսզի նրանք աշխատեն շատ մատչելի գներով: Իսկ մի՞թե բժիշկները պարտավոր են դա անել:
«Խնդիրը շարունակական է լինելու, քանի որ վաղ թե ուշ որակյալ մասնագետները հասկանալու են, որ չեն կարող բարեգործական հիմունքներով կամ շատ փոքր վարձատրությամբ աշխատել, նրա համար, որ նախարարի խոսքը իրականություն դառնա»,- ասաց բժիշկը:
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում տիրող իրավիճակից առանձնապես տեղյակ չեմ՝ նշեց նա՝ հավելելով, որ իր տեղեկությամբ 400 հազար դրամի խնդիր է եղել, որը շրջանառվող լուրերով՝ շորթում է կամ հավելավճար կամ սարքավորման գումար:
«Այսպես թե այնպես, եթե նույնիսկ գումար է պահանջվել՝ արվել է հիվանդի առողջության համար, որպեսզի վիրահատությունն ավելի լավ արվի, իսկ մնացածը երկրորդական է»,-նշեց բժիշկը:
Ըստ Գրիգորյանի՝ խնդիրն այն է, որ նախարարի՝ ուռուցքաբանական վիրահատություններն անվճար անցկացնելու որոշումը՝ որևէ աղերս չունի մեր իրականության հետ։ «Որևէ բժիշկ պարտավոր չի նախարարի հայտարարությունների համար պատասխան տալ իր ամենօրյա քրտնաջան աշխատանքով»,-նշեց նա:
Անդրադառնալով Գագիկ Համբարձումյանին աշխատանքից ազատելու հարցին՝ նա նշեց, որ որևէ հստակ տեղեկատվություն չունի ու շատ հնարավոր է, որ այլ պատճառներ լինեն, որոնց մասին դեռ չգիտենք:
«Ամեն դեպքում՝ եղածը ողջունելի չէ, ցանկացած հարց պետք է լուծվի մասնագիտական հարթակում կամ իրավական հարթակում: Առողջապահական ոլորտում ֆիզիկական ուժ կիրառելով հարցեր կարգավորելը դատապարտելի երևույթ է»,- խոսքն ամփոփելով՝ ասաց բժիշկը: