Վերջին օրերին կրկին զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվում ՊԵԿ աշխատանքը և ՊԵԿ-ում կադրային քաղաքականությունը: Համացանցում է հայտնվել նամակի լուսանկար՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Նամակում արքեպիսկոպոս Աջապահյանը «դարձել է» Շիրակի թեմի տնօրեն, անունը՝ Գեւորգ, ազգանունն էլ՝ ԱջՍպահյան: Նամակն էլ ուղարկվել էր ՊԵԿ-ից, ինչպես ասում են՝ շատ խառն են, կարելի է ենթադրել, որ ի վերջո լծվել են տնտեսվարողներին ՀԴՄ սարքերով ապահովելու գործին, ինչպես և խոստանում էին նախկինում, բայց ավաղ՝ դրանով չէ որ զբաղված են պետական եկամուտների կոմիտեում: Արդեն երկար ժամանակ է, ինչ մամուլում լուրեր են պտտվում, որ ՊԵԿ-ում այսպես ասած՝ առանձին «թև» է ձևավորվել Դավիթ Անանյանի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը: Մաշադյանը, ով ՊԵԿ հնաբնակներից Ռաֆիկ Մաշադյանը շարունակում է ապահովել իր մտերիմների, ազգականների ու յուրայինների առաջխաղացումը:

Մաշադյանի մտերիմ Արտաշ Նազարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի հարկայինի պետ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, փետրվարի 4-ին նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ։ Օրերս Շենգավիթի հարկային տեսչության պետի տեղակալ Արմեն Օհանյանը, ով նախկինում Արմավիրի օպերատիվ-հետախուզության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, նշանակվել է Շենգավիթի հարկայինի պետ: Ուշագրավ է, որ Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ էր նշանակվել ընդամենն այս տարվա մարտին, և փաստորեն, 3 ամսում հնարավոր դարձավ տեղակալից դառնալ պետ: Արմեն Օհանյանի հաջողության գաղտնիքն այն է, որ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն է: Ընդ որում, Մաշադյանի հովանավորյալները չեն էլ թաքցնում, որ պաշտոնները զբաղեցնելու հետ մեկտեղ զբաղվում են նաև բիզնեսով: ՊԵԿ պաշտոնյաներից մեկն էլ Մաշադյանի աներձագի՝ նաև Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանի որդին է: Մամուլում շրջանառվում էր տեղեկություն, որ ՊԵԿ պաշտոնյան կնոջ հետ մասնակցում է Բաղրամյան պողոտայում գտնվող իրենց բիզնեսի բացմանը: Ընդ որում՝ այդ բիզնեսի մասին որևէ հիշատակում չկա Վարդան Պողոսյանի հայտարարագրում: Մաշադյանը աղջկա ամուսնուն՝ Գոռ Մկրտչյանին, ընդունելով համակարգ, «գործուղել» է խոշոր հարկատուների տեսչություն: Սանիկներից էլ Համբարձումյանը նույնպես խոշոր հարկատուների տեսչությունում է։ Իսկ քեռին՝ Հրաչիկ Գոգինյանը, Սյունիքի «գերեկամտաբեր»՝ մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետն է։ Ինչպես ասում են՝ ազգուտակով պաշտոնյաներ:

Իհարկե, չենք կարող բացառել, որ այս նշանակումները միանգամայն արդարացված են և վերոնշյալ բոլոր անձինք էլ իրենց գործի մեծ գիտակներ ու պրոֆեսիոնալներ են: Սակայն պետք է փաստել, որ նման նշանակումների փաստն անգամ ստվեր է գցում հեղափոխության իդեալների վրա, այն էլ մի կառույցում, որը պետք է լիներ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը: Պարզապես հարց է առաջանում, եթե նախկին համակարգի ներկայացուցիչը տվյալ կառույցը լցնում է իր բարեկամներով, ինչպե՞ս են նրանք պայքարելու այն համակարգի դեմ, որի մի մասն են կազմել ժամանակին: Թերևս՝ բարդ կլինի: Ինչ վերաբերվում Է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, պետք է փաստել, որ նա նման կադրային քաղաքականության հարցում շատ ավելի համեստ է գտնվել և ընդհանրապես, կա տպավորություն, որ Անանյանի պաշտոնի վրա կողմնակի «աչք» կա: Կռահեք՝ ումը: Ի դեպ, ՊԵԿ նախագահը 8 օրով մեկնում է արձակուրդ, ինչ խոսք՝ արժանի արձակուրդ, իսկ ՊԵԿ ղեկավարությունը այդ նույն 8 օրով անցնում է Ռաֆիկ Մաշադյանին: Առնվազն 8 օրով վերջինիս երազանքը իրականություն կդառնա, մնում է միայն հուսալ, որ այդ 8 օրերի ընթացքում ՊԵԿ-ում աշխատանք չեն գտնի Մաշադյանի՝ մինչ օրս պաշտոն չստացած ծանոթներն ու բարեկամները…Ի վերջո՝ ՊԵԿ-ը Նոր Հայաստանի թերևս ամենա կարևոր գործառույթը ստանձնած կառույցն է, և հենց այս կառույցից է կախված՝ իրականություն կդառնան հեղափոխության տնտեսական իդեալները, թե ոչ: