Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Կառավարության շենքի առաջ կրկին բողոքի ակցիա էին անցկացնում Արցախյան պատերազմում, Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատները: Նրանք արդեն մի քանի շաբաթ է կառավարությունից պահանջում են իրենց ևս աջակցություն տրամադրել, ինչպես տրամադրում են Մարտի 1-ի գործողությունների հետևանքով տուժածների հարազատներին:
Ակցիայի մասնակիցներին մոտեցավ ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը և ասաց, որ զոհված զինծառայողների հարազատներին աջակցություն տրամադրելու հարցը իրենց ուշադրության կենտրոնում է: «Դուք մեր հասարակության ամենահարգարժան խավերից եք, մենք պետք է ձեր առաջ խոնարհվենք, ես միայն կարող եմ ներողություն խնդրել նրա համար, որ դուք ունեք սոցիալական խնդիրներ, որ դուք այսօր այստեղ եք: Պետք է ամեն ինչ անենք, որ առաջնային այս խնդիրը լուծենք»,-ասաց Ուրիխանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սևազգեստ մայրերը կառավարության դիմաց են: Նրանց պահանջը նույնն է. 30 միլիոն դրամի աջակցություն՝ իրենց ընտանիքներին: