Հայաստանը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ԱՊՀ երկրների շրջանում տնտեսական համագործակցության խորացմանը, ինտեգրացիոն գործընթացներին ընդլայնմանը: Այս մասին Թուրքմենստանի՝ մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին և թուրքմեն գործընկերներին նիստը բարձր մակարդակով կազմակերպելու, ջերմ ընդունելության համար:
«Չեմ կարող չնշել, որ շատ տպավորված եմ Աշխաբադով, հրաշալի ճարտարապետությամբ, ի դեպ ես առաջին անգամ եմ այստեղ: Ցանկանում եմ նաև իմ երախտագիտությունը հայտնել Թուրքմենստանին ԱՊՀ նախագահության ընթացքում կատարած աշխատանքի համար, որն ուղղված է ԱՊՀ զարգացմանը: Ձեր արդյունավետ աշխատանքն իր արտացոլումն է գտել մեր համագործակցության օրակարգային հարցերի վրա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը նշեց, որ Հայաստանը ողջունում է տնտեսական, ռազմավարական համագործակցության մասին հռչակագիրը և աջակցում է ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է տնտեսական համագործակցության խորացմանը, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնմանը ԱՊՀ երկրների շրջանում: Փաստաթուղթը նախանշում է համագործակցության համար ռազմավարական նշանակության կարևոր նպատակներ, որոնց հասնելու համար, անհրաժեշտ է համակարգված և հետևողական աշխատանք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
Օրակարգային հարցերից Նիկոլ Փաշինյանը կարևոր համարեց համատեղ ուղերձը ԱՊՀ ժողովուրդներին, միջազգային հանրությանը Հայրենական մեծ հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:
Փաշինյան իր ելույթում խիստ դատապարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը՝ անվանելով այն հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ անհարգալից վերաբերմունք:
«Դեմ ենք պատմական իրադարձությունները սուբյեկտիվորեն մեկնաբանելու փորձերին: Դժբախտաբար, Իլհամ Ալիևի խոսքում տեսանք նման փորձեր: Երբ լսեցի նրա գնահատականները Գարեգին Նժդեհի մասին, հիշեցի խորհրդային հայտնի «Կովկասի գերուհի» կինոնկարը, երբ Շուրիկը հարցնում է, իսկ մատուռը նույնպես ե՞ս եմ քանդել: Իլհամ Ալիևի ելույթից տպավորություն է ստեղծվում, որ Հիտլերը երկրորդական դեր ուներ Հայրենական մեծ պատերազմում, իսկ Գարեգին Նժդեհը նացիստական շարժման առաջնորդն էր», - ասել է ՀՀ վարչապետը։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ճշմարտությունն այն է, որ Նժդեհը պայքարում էր Հայաստանի թուրքական օկուպացման դեմ, ընդդեմ հայերի ցեղասպանության, որը կազմակերպել էին թուրքերը, և իրականությունն այն է, որ Նժդեհը ռուս բազմաթիվ սպաների հետ 1918 թվականին հայ-թուրքական պատերազմի ընթացքում ղեկավարել է շատ կարևոր ռազմաճակատի մի մասը:
«Կարևոր է, որ իմանանք պատմության օբյեկտիվ գնահատականը: Ասվում է, որ Նժդեհը մահացել է Վլադիմիրի բանտում: Վլադիմիրի բանտում խորհրդային բազմաթիվ առաջնորդներ են մահացել: Սոլժենիցինը Գյուլագում էր: Եվ ի՞նչ: Մենք 1937-1950 թվականների ընթացքում բոլոր դատապարտվածներին համարում ենք ժողովրդի թշնամինե՞ր: Եթե այդպես է, ուրեմն շատ նշանավոր դեմքեր դատապարտվել են և ավարտել իրենց կյանքը բանտում, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը որպես փաստ ընդունենք», - ասել է Փաշինյանը, ապա հայտարարել, որ տեղին չէ հանդիպման այս ձևաչափն օգտագործել պատմությունն աղավաղելու, այս կարևոր հանդիպման մթնոլորտում լարվածություն մտցնելու համար:
«Ադրբեջանի նախագահի խոսքերն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք են հայ ժողովրդի համար: Եվ ես դա համարում եմ անհարգալից վերաբերմունք ԱՊՀ պետությունների ղեկավարների և ժողովուրդների նկատմամբ, որոնք նրանք ներկայացնում են այստեղ: Ներողություն եմ խնդրում նման լարվածության համար: Դուք տեսաք, որ ես չեմ դրա հեղինակը», - հայտարարել է ՀՀ վարչապետը։
Նշենք, որ իր ելույթում Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանում հերոսացվում է ֆաշիզմը, և որպես օրինակ բերել «նախկին իշխանությունների՝ Երևանի կենտրոնում «ֆաշիստական դահիճ և դավաճան» Գարեգին Նժդեհի հուշարձանը կանգնեցրելու փաստը։ Ալիևը դա անվանել է «ցինիկ քայլ»: